Բարության մասին բոլորիս պատկերացումները տարբեր են. յուրաքանչյուրս ինքն է որոշում բարություն անելու իր կերպը: Ժպտալը, լավ վերաբերմունքը, ապրումակցելը, փոխզիջման գնալը, օգնության ձեռք մեկնելը, անհրաժեշտության պահին կողքին լինելը, խորհուրդ տալը, ներելը, հասկանալը. այս բոլորը մեր կողմից բարության դրսևորումներ են, որ մենք ամեն օր կարող ենք ցուցաբերել դիմացինի հանդեպ:
Բարի եղի´ր բարություն արա առանց պահանջների, առանց սպասումների, երբեք ինքնանպատակ մի դարձրու այն: Բարությունը ամփոփ սահմանում չունի. պետք չէ այն բանաձևել, քանի որ այդ դեպքում արժեզրկվում է և գործնականում բարությամբ ապրելը՝ դառնում անհնար:
Բարությունը մարդու էության մի մասն է և Աստծու կողմից շատ թանկ է գնահատվում, ուստի տրամաբանական է, որ Աստված մեզ պատվիրում է «իրար հանդեպ լինել բարի»:
Իրար հանդեպ բարի լինելու կարևորագույն պայմանն էլ, իրականում, այս է՝ դիմացինին ընդունենք այնպիսին, ինչպիսին՝ կա:
Կյանքի հանդեպ ունեցած բարությունն էլ մեր լավատեսությունն է. մեր ներքին լույսի արտացոլանքն է մեր արարքներում, ուստի ցանկանալի է, որ ամեն օր զգանք այդ լույսի ջերմությունը: