Լոռիում 50-ից ավելի քաղաքացիներ են թունավորվել. նախնական տեղեկություններով՝ պատճառն էկլերն է

Լոռու մարզում վերջին օրերին թունավորման բազմաթիվ դեպքեր են գրանցվել: Դեռ հունվարի 27-ին Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց են դիմել աղիքային ինֆեկցիայով վարակված 7 քաղաքացիներ, հաջորդ օրը ավելի քան 10 քաղաքացիներ: Այսօր առավոտյան թունավորում ախտորոշմամբ հոսպիտալացվածների թիվը ինֆեկցիոն հիվանդանոցում հասել է 50-ի: Տուժածների մի մասն արդեն կեսօրին դուրս է գրվել:

Հիվանդանոց դիմած քաղաքացիները հայտնել են, որ թունավորվել են էկլեր տեսակի խմորեղենից: Նրանց մոտ նկատվել է փսխում, փորլուծություն, բարձր ջերմություն: Այս մասին ՀԺ-ին տեղեկացրեց Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Նունե Էվինյանը: «Հիվանդների առաջին հոսքը սկսվել է հունվարի 27-ից՝ 7 հիվանդ, հետո 10 հիվանդ ու շարունակվել է: Հունվարի 29-ին ունեցել ենք 40 հիվանդ, այսօր առավոտյան եղել է 50 հիվանդ, որոնցից 14-ն այսօր դուրս է գրվել», -ասաց նա:

Նունե Էվինյանի խոսքով՝ թունավորման հիմնական վարկածը էկլերն է: Սննդամթերքի տեսչությունը եւս ստուգումներ է իրականացնում. «Բոլոր հիվանդներն էկլերի մասին են նշել: Ծանր վիճակում գտնվողներ չունենք, վիճակները կայուն է, արագ արձագանքում ենք, համապատասխան բուժօգնություն ցուցաբերում»:

ՀԺ-ի տեղեկություններով՝ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցից բացի, սննդային թունավորման ախտանշաններով հիվանդներ դիմել են նաեւ Ստեփանավանի բժշկական կենտրոն: Կոնկրետ թիվը պարզել, մեզ չհաջողվեց՝ կապված ոչ աշխատանքային ժամի հետ: Իսկ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց դիմած հիվանդները ոչ միայն Վանաձորից են, այլ նաեւ հարակից համայնքներից:

Տուժածները էկլերը ձեռք են բերել մարզի տարբեր խանութներից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ