«Ես պարտավոր եմ լուծել Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Միքայել Մինասյանի խմբակների հարցը, դրա համար են ինձ ձայն տվել». Ալեն Սիմոնյան

Հայաստանի ներսում ու դրսում կան պարտիզանական խմբեր, որոնք գնում են մեր օտարերկրյա գործընկերների մոտ, համոզում, դռան դեմը նստում, լաց լինում: Արդյունքում` միջազգային գործընկերները, հաճախ արձագանքում են: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

Սիմոնյանի խոսքերով, եղած արձագանքն էլ խաղաղության, լարվածության թուլացման կոչ է. «Միևնույն ժամանակ եկեք տեսնենք, թե միջազգային զեկույցներն ինչ գնահատական են տալիս մեր երկրում իշխանության գործողություններին: Դրանք միշտ դրվել են երբևիցե եղած ամենաբարձր սանդղակին:

Հայաստանում հիմա մենք ունենք խմբակներ, որոնց հարցը պետք է շուտափույթ լուծենք: Ես պատասխանատու եմ ՀՀ քաղաքացիների առջև: ՀՀ քաղաքացիները մեզանից պահանջում են, որ ՀՀ-ում դատական համակարգի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Միքայել Մինասյանի խմբակների հարցը լուծվի: Ես պարտավոր եմ այդ հարցը լուծել»:

Ինչ վերաբերում է ընդդիմության դիտարմանը, թե պետք չէ ամբողջ ժողովրդի անունից խոսել, Սիմոնյանն ասաց, որ դա դեմագոգիա է. «Մենք խոսում ենք նրանց անունից, ովքեր մեզ ձայն են տվել: ՀՀ քաղաքացիները արտահայտվել են փոփոխության օգտին, ոչ թե որ Հրայր Թովմասյանը մնա ՍԴ նախագահ, ու ամենաթողություն թույլ տված մարդիկ չպատժվեն: Ինձ ձայն են տվել, որ փոփոխություններ անենք»:

Ալեն Սիմոնյանն ընդունում է, որ պետք չէ ամբողջ ժողովրդի անունից գնահատական տալ ու խոսել. «Գոյություն ունեն ընտրություններ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ