Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը

Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զորամասերից մեկի զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան հետ առնչվող զինծառայողների մասին։ Մասնավորապես մեզ հայտնի է դարձել, որ Ստեփանակերտից ոչ հեռու տեղակայված N զորամասում ծառայում են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների որդիներ։ Auroranews.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչ է կատարվում նշված զորամասում։

«Հարուստների երեխեքին ուղարկում են այս զորամաս, որ ասեն Ղարաբաղում է ծառայում, բայց դիրքեր էլ չեն բարձրանում»,- նշեց մեր զրուցակիցը, ում անձնական տվյալները հասկանալի պատճառներով գաղտնի ենք պահում։ Մեր զրուցակցի խոսքով՝ զորամասում ձևավորված է «կլան», որը ճնշում է գործադրում զինծառայակիցների նկատմամբ։

Ստորև ներկայացված է ՊԲ նշված զորամասի զինծառայող Արայիկ Սարգսյանի լուսանկարը, որն, ըստ մեր աղբյուրների, համարվում է զորամասի ամենավտանգավոր զինծառայողը։

«Զբաղվում է դրամահավաքությամբ, իր գլխավորած խմբին են տրամադրել զորամասի 4-րդ դիվիզիոնի շենքը, որը պետությունը նոր է վերանորոգել։ Արայիկը ամեն ամիս գումար ստանալու օրը զինվորներին հավաքում է ու «լոլո» կարդում, գումարը պահանջում, զինվորներն էլ ավելորդ խնդիրներից խուսափելու համար իրենց հասանելիք գումարները նրանց են տալիս»,- ասաց մեր աղբյուրը՝ հավելելով, որ «արտոնյալ» զինծառայողները «գումար են աշխատում» նաև զինվորների ձեռքից նոր համազգեստները վերցնելով, ապա զորամասի ներսում վաճառելով։

Խոսելով Վահրամ Ավագյանի մահվան մասին՝ մեր զրուցակիցը նշեց․ «Չգիտեմ կատարվածը ինքնասպանություն է, թե սպանություն, բայց կոնկրետ մեղավորը Արայիկն է, ինքն է սաղի «գլխին»։ Աֆիցերները բան չեն անում, լրիվ բեսպրիդել է տիրում այդ զորամասում, վախենում են ինչ-որ բան անեն»։

Ձախից՝ ԱԱԾ Հակահետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ Եսայի Մկրտչյանի տղան է՝ Ռուբեն Մկրտչյանը, պառկածը՝ Արայիկ Սարգսյանը։

«Հավաքվում են գրադի բենզաբակը դատարկած, տեղը ջուր լցրած հայտնի աֆիցեր Արթուր Ղամբարյանի սենյակում»,- պարզեցինք հետաքննության ժամանակ։

Նկարում ԱԱԾ Հակահետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ Եսայի Մկրտչյանի տղան է՝ Ռուբեն (ձախից՝ առաջինը), նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին՝ Դավիթ Մովսիսյանը (ձախից՝ երկրորդը), ձերբակալվել է զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան գործով), դիվիզիոնի «ասող» Արայիկ Սարգսյանը (ձախից՝ երրորդը), Վաչ Հայրապետյանն (ձախից՝ չորրորդը) ու Խաչիկ Գասպարյանը (ձախից՝ հինգերորդը, նույն գործով մյուս ձերբակալվածը)։

Ինչպես երևում են լուսանկարներում և ինչպես մեզ հետ զրույցում ասաց մեր զրուցակիցը, նշված զորամասում պարտադիր զինվորական ծառայություն են իրականացնում ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի որդին, ԱԱԾ Հակահետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ Եսայի Մկրտչյանի տղան ՝ Ռուբեն Մկրտչյանը, ԱԱԾ պաշտոնյա Կարեն Սահակյանի որդին՝ Հակոբ Սահակյանը, նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին՝ Դավիթ Մովսիսյանը։

Ուշագրավ է, թե ինչպես է ստացվել, որ այսքան բարձրաստիճան պաշտոնյաների զավակներ են «պատահականության սկզբունքով» ծառայության անցել նույն զորամասում։ Երևի թե նույն «պատահականության սկզբունքով էլ» այս զորամասից զինծառայողներն առաջնագիծ չեն բարձրանում։

Ի դեպ, ամիսներ առաջ նույն զորամասը անցավ զինծառայողների սննդի կազմակերպման նոր համակարգին։ Այստեղ նաև վերակառուցվեցին ժամանակակից և հարմարավետ կենցաղային պայմաններ ապահովող մասնաշենքեր։

Նյութի աղբյուր՝ auroranews.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ