Բրոնխիտ, կրուպ, թոքաբորբ. հիվանդությունների աշխուժացում է նկատվել

Գյումրու Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցի մանկական բաժանմունքում ներկա պահին 27 երեխա է բուժում ստանում: Հիվանդների  60-70 տոկոսի մոտ առկա է շնչառական համակարգի բարդություններ ՝օբստրուկտիվ բրոնխիտ, կրուպ:

Թոքաբորբի 2-3 դեպք է արձանագրվել: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ թվերը գրեթե չեն փոխվել: Առկա պատկերը ներկայացնում է Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցի մանկական բաժանմունքի վարիչ Սուսաննա Տոնոյանը: Նաեւ նշում է, որ հունվարին նշված հիվանդությունների աշխուժացում է նկատվել: Մի քանի գործոնով է սա պայմանավորված:

«Նախ եղանակային պայմանները կարելի է նշել: Հիվանդացության շատացումը ինքս կապում եմ դպրոցներում, մանկապարտեզներում հիվանդ երեխաների շփումների հետ: Հիվանդ երեխան գնում է, մեկը մյուսի հետ շփվում են, եւ փոխանցում ինֆեկցիան»,-ասաց Սուսաննա Տոնոյանը: Մասնագետն ուսուցիչներին եւ ծնողներին երկու պարտադիր հորդոր ուներ. առաջիններն, ըստ նրա, պարտավոր են կանխել հիվանդ երեխայի շփումը մյուսների հետ, հայտնաբերման դեպքում արագ մեկուսացնել եւ ուղարկել տուն: Երկրորդ, ամենակարեւոր կետը վերաբերվում է ծնողներին. պետք է իսպառ բացառել ինքնաբուժությունը:

Մուրաբաներ, խորոված սոխ, մեջքին յոդով վանդականիշ: Ինքնաբուժության հայտնի եւ անհայտ բոլոր տարբերակները սպառելուց հետո են հայ մայրիկները հիմնականում դիմում մասնագետների օգնությանը: Սովորաբար ուշացած եւ հիվանդությունների բարդացած դեպքերով: «Ծնողների կարծիքով, եթե երեխան մի քանի օր մնա տանը, կարող է բուժվել առանց բժշկի դիմելու: Կամ զբաղվում են ինքնաբուժությամբ, տալիս են իրենց իմացած որոշակի դեղորայքը, որը մեկ անգամ օգտագործել են, լավ է եղել, նորից փորձում են: Երբ արդեն նկատում են, որ երեխայի վիճակը վատանում է, ջերմությունը չի իջնում, գումարվում է հազը, երեխան թուլանում է, նոր դիմում ենառաջնային օղակի բժիշկներին, հետո հասնում են արդեն հիվանդանոց»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Գյումրու Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցի մանկական բաժանմունքի վարիչը:

Այն, որ ե՛ւ ստացիոնար, ե՛ւ ամբուլատոր բուժում ստանալու համար մեծ թվով ծնողներ են դիմում հիվանդանոց, նաեւ կապված է վերջին օրերին կորոնավիրուսի մասին  տեղեկատվության տարածմամբ:«Ծնողների մեջ վախ է մտել, ուզում են, որ անպայման մասնագետը հսկի երեխային, մեզ էլ են հարցնում կորոնավիրուսի մասին, բացատրում ենք, ներկայացնում իրավիճակը, նաեւ ասում ենք, որ անհանգստանալու առիթ չկա»,-վստահեցրեց Սուսաննա Տոնոյանը:

Այս հիվանդանոցում գրիպով հիվանդ երեխաներ չկան: Նրանք Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց չեն ընդունվում: Դիմելու դեպքում ուղղորդվում են Ինֆեկցիոն հիվանդանոց: «Կարգն է այդպես»,-ասում է Տոնոյանը: Իսկ ընդունված հիվանդները Շիրակի մարզի տարբեր համայքներից են: Դիմում են նաեւ Լոռիի, Տավուշի մարզերի, ինչպես նաեւ հարեւան հանրապետությունից՝ Վրաստանի Ախալքալաք եւ Ախալցխա քաղաքներից: Պատասխանատուն ասաց, մանկական բաժանմունքը 30 մահճակալ հզորությամբ աշխատելու հնարավորություն ունի, դեղորայքի պակաս չկա, անգամ, եթե հիվանդների  թիվն ավելանա՝ խնդիրներ չեն լինի:

Նյութի աղբյուր՝ armtimes.com

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ