«Ռոբերտ Քոչարյանը աշխատում է մեր հակառակորդի օգտին». Արամ Սարգսյան

– «Փաշինյանի այն լոզունգը, թե լուծումը պետք է բավարարի հակամարտության բոլոր կողմերին, դատարկ, ոչինչ չասող խոսք է, միջնորդի պարզմիտ բանաձև։ Դա ուղիղ ապացույցն է այն բանի, որ Հայաստանը չունի գործողությունների պլան»,- բանտից ասել է Ռոբերտ Քոչարյանը՝ շեշտելով, որ Արցախը պետք է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի, սահմանի դիրքորոշումը կարգավորման բաղադրիչների վերաբերյալ: Ըստ նրա՝ միայն այդպես է հնարավոր խուսափել անուղղելի հետևանքներից: Այս քննադատության մեջ կա՞ ռացիոնալ հատիկ։

– Որ Ռոբերտ Քոչարյանն իր ժամանակին Արցախի բանակցային ողջ գործընթացին տեղյակ էր, գիտի բոլոր նրբությունները, որոշակի հարցերում արժե նաև նրանից տեսակետ հարցնել, ոչ թե Ալիևից, սրան կողմնակից եմ։ Ռոբերտ Քոչարյանի առաջարկն անիրատեսական է, Արցախը բանակցային կողմ չէ և չի կարող նախաձեռնություն վերցնել։ Ռոբերտ Քոչարյանը երբ ասում է՝ Փաշինյանը չունի պլան, ինքը չգիտի՝ ունի՞, թե՞ չունի։ Լավ է, որ Ռոբերտ Քոչարյանը, Ադրբեջանն ու մեր հանրությունը չգիտեն այն կոնկրետությունը, ինչին գնում է Նիկոլ Փաշինյանը։

Դա բանակցային գործընթացի նրբություն է։ Բացառվում է, որ Նիկոլ Փաշինյանը չունենա պլան։ Նույնիսկ այս 7 ժամանոց բանակցություններն ասում են, չէ՞, որ կա ինչ-որ բան։ Ռոբերտ Քոչարյանն ի՞նչ է ուզում, Նիկոլ Փաշինյանն ասի՝ կո՞ղմ է Մադրիդյան սկզբունքներին: Հենց ասաց, բոլորս դեմ ենք լինելու, որովհետև չբավարարող հարցեր կան։ Եթե սեղանին դրված են Լավրովյան պլանը և Մադրիդյան փաստաթուղթը, ու դու երկուսին էլ դեմ ես, սա բավականին ռիսկային է։ Նիկոլ Փաշինյանը սիրում է ռիսկ, ես կուզենամ ռիսկի զգացողություն ունենա, սա լուրջ ռիսկային է, և մենք կարող ենք աշխարհին ապակառուցողական թվալ, բայց սա կարող է Ադրբեջանին բանակցային դաշտ բերելու խնդիր լուծել։

– Քոչարյանը կարծում է, որ Հայաստանում սահմանադրական կարգը ենթակա է վերականգնման, արտահերթ խորհրդարանականն ընտրությունը հրամայական է համարում, նաև նշում, որ իրեն վիճակված է շատ կարևոր դեր խաղալ «ազգային ինքնությունը քայքայող արատավոր իշխանությունից ազատելու գործում»։ Ի՞նչ շանսեր ունի երկրորդ նախագահը։

– Ռոբերտ Քոչարյանը նույն սխալն է անում, ինչ ժամանակին ես եմ արել։ Ամեն տարի՝ գարուն, աշուն, ասում էի՝ փոխվելու է… Իհարկե՝ իմ կենսագրականը Ռոբերտ Քոչարյանին նման չէր։ Ընդդիմություն դառնալու համար մաքուր կենսագրություն է պետք ունենալ, իսկ Ռոբերտ Քոչարյանը «գույք պարտքի դիմացով» սկսած՝ Պողոս Պողոսյանով ավարտած բազմաթիվ սև գծեր ունի իր կյանքում, որով հանրությունը մեղադրելու է, ու այդ շանսերը չունի միանշանակ։ Երբ ես ասում էի՝ գարուն-աշուն, Ռոբերտ Քոչարյանի լրատվական դաշտը ծաղրում էր, հետո իմ ընկերներն էին ծաղրում:

Չի լինելու դա, իմ մաքուր կենսագրությունն ունենալով՝ իմ մոտ չստացվեց, և Նիկոլ Փաշինյանն արեց հեղափոխությունը, ինքն ընդհանրապես հնարավորություն չունի։ Իրականությունից կտրվել է, լավ չի, որ ինքը Ղարաբաղի հիմնահարցի առումով ասում է՝ բանի տեղ մի դրեք Հայաստանի իշխանություններին։ Ռոբերտ Քոչարյանը Հայաստան-Ղարաբաղ տարանջատում է ուզում մտցնել, որ ինքը բանտից դուրս դա։ Այլ բան չեմ տեսնում։ Ցանկացած մարդ, ով ուզում է՝ մենք տանուլ տանք Արցախի հարցում, պետք է աշխատի սեպ մտցնել Ղարաբաղ-Հայաստան ենթատեքստում։ Ռոբերտ Քոչարյանը պետք է միասնության օգտին խոսի, կոպտագույն սխալ է անում Ռոբերտ Քոչարյանը, աշխատում է ոչ թե մեր, այլ մեր հակառակորդների օգտին։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ