«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանը։
– Ներկայիս իշխանությունները անընդհատ հայտարարում են, որ երկրում հիբրիդային պատերազմ է, բայց ես կասեի՝ ոչ թե հիբրիդային, այլ իրական պատերազմ է, թե՛ ներսից և թե՛ դրսից։ Մի կողմից թուրքն է, մյուս կողմից՝ կեղծ ընդդիմադիրները։ Ներսից մեր ժողովրդին պատերազմ հայտարարածները իրենց գործունեությամբ ուղղակի կամ անուղղակի ձևով աջակցում են դրսից մեզ պատերազմ հայտարարած թուրքերին։ Թուրքի նպատակն է մեր մարտական ոգին կոտրելը, ինչն էլ կատարում են ներսի թշնամիների օգնությամբ։
– Բայց տպավորություն է, որ իշխանություններն իրավիճակի լրջությունը չեն պատկերացնում, իրենց մեջ «արթուրվանեցյաններ» են պահում, հեղափոխությունից շուրջ երկու տարի անց շարունակում է պաշտոնավարել Հրայր Թովմասյանը։
– Այո՛, ճիշտ եք, իրավիճակի լրջությունը չեն պատկերացնում։ Հրայր Թովմասյանի և Սահմանադրական դատարանի գոյությունը չի համապատասխանում հետհեղափոխական Հայաստանի նոր իրողություններին։ Նրանք կեղծիքով են ընտրվել, ապօրինի են։ Իսկ եթե ապօրինի կառույց է հայտնվել երկրի կենտրոնում, և իշխանության գլխին կանգնած կառույցը չի համապատասխանում այդ իրողություններին, պետք է հենց առաջին օրվանից մաքրվեր։ Ինչի՞ թողեցին այսօրվա, ինչու են նեյնիմ-նեյնիմ խաղում, կեղծիքների մեջ թաղված մարդն այնտեղ ինչ գործ ունի։ Հեղափոխության էությունն այն էր, որ կաբինետները պետք է կոռումպացված չինովնիկներից մաքրվեին։ Իսկ իրենք դա կիսատ-պռատ են անում, մտածում են, որ կաշառակեր թալանչիները պետք է վերափոխվեն ու իրենց ուզածը դառնան։ Քոչարյանի հարցազրույցներին ես լուրջ չեմ վերաբերվում, ինքն ընկել է ծուղակը, պետք է ինչ-որ բաներ ասի, բայց ոչնչի չի հասնի։ Ինքը վաստակել է ժողովրդի ատելությունը, ու հիմա հետվերադարձ չկա։ Նրանց էությունն արդեն բացահայտված է ՝ իշխանությունը օգտագործել են որպես միջոց իրենց ու յուրայիններին հարստացնելու համար։ Ժողովուրդը շատ լավ ամեն ինչ հիշում է, թող մոռանան վերադարձը։ Նույնիսկ եթե Նիկոլի իշխանությունն էլ հրաժարական տա, իրենք հետ չեն գա, ուրիշ ուժեր կգան։ Իրենք ներքին թշնամու անուն են հանել։ 10-15 տարի առաջ ես նրանց անվանում էի թրքատիպ հայեր, նրանց մեջ մոնղոլ-թաթարական գեն է հոսում, ու փորձում են անընդհատ ժողովրդին թալանել, նսեմացնել, կոտրել մեր մարտական ոգին, բայց իրենց չի հաջողվի, իրենք փոքրամասնություն են, ու ժողովուրդն իրենց շան տեղ չի դնում։
– Իշխանություններն էլ իրենց մեղմ թավշյա մեթոդներով շատերի մեջ հիասթափություն են առաջացնում։ Նույնիսկ այն ուժերը, որոնք իրենց աջակցում էին, այժմ մեղադրում են անվճռականության մեջ։
– Իշխանությունները շատ հարցերում քաղաքական դաշտը լավ չեն տեսնում, հաճախ այնպիսի կադրերի են նշանակում, որ պարզապես խայտառակություն է։ Այս մարդիկ կադրեր չունեն, բայց ամբիցիոզ են։ Ուրիշ կուսակցություններից իրենց հավատարիմ մարդկանց ասպարեզ չեն բերում, եթե մեկը 50-ն անց է, ասում են՝ բիձա է, մեզ պետք չէ։ Իսկ ջահելների մեջ շատերը պատեհապաշտ, կարիերիստներ են։ Շատ հանգիստ իրենք կարող են կաշառակեր դառնալ, հիմա էլ կաշառք կա, բայց շատ զգույշ են վերցնում։ Նրանք, ովքեր հայտարարում են, թե նոր իշխանությունների մեջ կաշառակերություն չկա, չարաչար սխալվում են։ Պարզապես հիմա շատ զգույշ են գործում, շատ հաշվարկված։ Չունեն համակարգ. գաղտնիքը կադրերի, համակարգի, ճիշտ որոշումներ կայացնելու մեջ է։
Նյութի աղբյուր՝ Առաջին Լրատվական