Կարևոր հիշեցում․ Ցրտահարման ռիսկից ապահովագրության վերջնաժամկետը փետրվարի 15-ն է

2019 թվականի սեպտեմբերի 30-ից հայ-գերմանական համագործակցության շրջանակներում (KfW) մեկնարկել է գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագիրը: Ծրագրի այս փուլում ապահովագրվելու են խաղող եւ ծիրան մշակաբույսերը, գարնանային ցրատահարում, կարկուտ եւ հրդեհ ռիսկերից:

Այս պահին նախագիծն իրականացվում է ՀՀ 6 մարզերում՝ Արմավիր, Արարատ, Արագածոտն, Վայոց Ձոր, Տավուշ եւ Կոտայք: Մարզերի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ խաղող եւ ծիրան մշակաբույսերը տարածված են հիմնականում հենց այս 6 մարզերում: Ապահովագրությունը հնարավոր է ձեռք բերել՝ Ռոսգոսստրախ Արմենիա, Ինգո Արմենիա եւ Սիլ Ինշուրանս ապահովագրական ընկերություններից:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում վերջին 6 տարիներին բնական աղետների հետեւանքով գյուղատնտեսությանը հասցված վնասները կազմել են ավելի քան 110 մլրդ դրամ։ Պիլոտային փուլում գյուղատնտեսն իրավունք ունի որպես ապահովագրական գումար ընտրել ընկերության կողմից առաջարկվող 5 ծածկույթներից մեկը։ Ապահովագրական գները հաշվարկվել են համաձայն գյուղատնտեսի կողմից արված բերքի արտադրական ծախսերի եւ ենթադրելի 20 տոկոս եկամուտի։ Ինչքան բարձր է գյուղատնտեսի կողմից ընտրված ապահովագրական գումարը այնքան բարձր է թե՛պայմանագրի արժեքը, թե՛ հատուցման:

Ծիրանի համար ապահովագրական գնի նվազագույն չափը կազմում է 400 հազար դրամ, առավելագույնը 1 մլն 200 հազար դրամ: Խաղողի համար նվազագույն չափը կազմում է 750 հազար դրամ, իսկ առավելագույնը 1 մլն 800 հազար դրամ: Գոյություն ունի նաեւ ցրտահարության եւ կարկտահարության 1-ից 5 ռիսկային գոտիներ:

Օրինակ, եթե գյուղացին բնակվում է 4-րդ ռիսկային գոտում (ենթադրենք Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքում) մշակում է ծիրան եւ ցանկանում է ապահովագրել իր այգին կարկուտ եւ հրդեհ ռիսկից (1 հա)՝ ընտրելով 4 ծախսի մակարդակը՝ 1 միլիոն դրամ, ապա վերոնշյալ դեպքում նրա ապահովագրական պայմանագրի արժեքը կկազմի ընտրված ապահովագրական գումարի 6.8 տոկոսը, որը կազմում է 68 հազար դրամ: Պետությունը կսուբիսդավորի պայմանագրի 50 տոկոսը, ինչը նշանակում է, որ ֆերմերը կվճարի ընդամենը 34 հազար դրամ:

Արդյունքում, եթե գյուղացին կորցնի բերքի 60 տոկոսը, ապա վերոնշյալ 1 միլիոն դրամից գյուղացուն կտրվի 60 տոկոսի չափով փոխհատուցում, հանած 10 տոկոսի չափով չհատուցվող գումար: Այսինքն՝ ընդհանուր առմամբ գյուղացին վճարելով 34 հազար դրամ, բերքի 60 տոկոսը կորցնելու դեպքում կստանա 500 հազար դրամ:

Նյութի աղբյուր՝ Հայկական Ժամանակ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ