«Անմեղսունակը պիտի մնա ազատության մեջ, ասենք՝ ում ինչ վնաս ուզում ես հասցրո՞ւ»․ վարչապետ

Եթե մարդը ենթադրաբար անմեղսունակ է, չենք կարող դատել իրեն, հետևաբար էդ կարգավորումը չկա, մնում է իրան թողնենք ազատության մեջ, ասենք՝ ում ինչքան կարում ես վնաս հասցրու՞։ Կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով Աշխատանքի և սոցիալական աշխատանքի նախարար Զարուհի Բաթոյանին։

Նշենք, «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու և կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ Սոցապնախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների ՄԱԿ-ի կոմիտեն առաջարկում է հրաժարվել խանգարման հիմքով մեկուսացման, այդ թվում հոսպիտալացման կարգավորումից։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մանրամասնեց՝ խոսքը վերաբերում է հսկողության տակ պահվող պացիենտներին, որոնք հաշմանդամության կարգ ունեն հենց իրենց հոգեկան առողջության խանգարումների հիմքով։

«Ոչ հոժարակամ բուժումն այն դեպքում է, երբ անձի վարքագիծը վտանգ է ներկայացնում հենց իր համար և իրեն շրջապատող անձանց համար։ Սա բխում է հենց իր շահերից և հասարակության շահերից։ Որևէ հակասություն չեմ տեսնում մարդու իրավունքների և հաշմանդամների իրավունքների մեջ։ Նման կարգավորումներ միշտ պետք է ունենանք»,-նշեց Արսեն Թորոսյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով Սոցապ նախարար Զարուհի Բաթոյանին, ասաց՝ ի՞նչ է առաջարկում նրանց ազատության մեջ թողնել ու ասել՝ ում ինչ վնաս ուզում է կարող է հասցնե՞լ։

Զարուհի Բաթոյանն էլ ասաց՝ տարբեր մեխանիզմներ են քննարկում և ըստ նախարարի՝ հենց այստեղ է կայանում դժվարությունը. «Մենք չունենք պատրաստի մեխանիզմներ, փորձ և նաև չեմ վախենա ասել՝ գիտելիքներ, որովհետև այստեղ մասնագիտական անհրաժեշտություն կա և այստեղ խոսքն ընդամենը կարծիքի մասին չէ, սա ՄԱԿ-ի կողմից արձանագրված ազատության և անվտանգության հոդվածին է վերաբերում»,-ասաց Զարուհի Բաթոյանը, ում խոսքն ընդհատեց վարչապետը և ասաց. «Ուզում եմ հասկանամ՝ ՄԱԿ-ը, որ ասել ա էդ կարգավորումից հրաժարվեք, ասել ա էդ մարդկանց, որ հնարավոր է շրջապատին վնաս տան, ի՞նչ անենք։ Թե՞ միայն ասել է՝ կարգավորումից հրաժարվեք»,-նշեց վարչապետը։

Նա ընդգծեց, որ ՄԱԿ-ն առաջարկություն անելիս պետք է ասեր, որ այս կարգավորումից հրաժարվելուց հետո այս կարգավորումը մտցրեք. «Բայց երբ ասում են կարգավորումից հրաժարվեք և չեն ասում՝ ոնց էդ խնդիրը լուծեն, տարօրինակ է»,-նշեց վարչապետը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ