«Չինաստանից օրական 20-30 մարդ է ժամանում Երեւան». համաճարակաբան

Նոր կորոնավիրուսի մուտքը կանխելու նպատակով Հայաստանը արգելել է Չինաստանից և չինական ծագման հումքով այլ երկրներում արտադրված կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի խոսնակ Անուշ Հարությունյանի խոսքով՝ 2019 թվականին Չինաստանից Հայաստան է ներկրվել մոտ 15 տոննա ծովամթերք, իսկ հունվարի 1-ից մինչ արգելքի ներդրումը շուրջ 1000 կիլոգրամ

«Արդեն ներկրվածի մասով, բնականաբար, իր ուղեկցող փաստաթղթերով, լաբորատոր փորձաքննություններով այդ ամբողջն անցած է և բնականաբար ստուգվում է, նոր ներկրվում է։ Էս պահին արդեն էնտեղից որևէ մթերք կենդանական ծագման ներմուծվել չի կարող», — ասաց Հարությունյանը։

Սա ընդունված պրակտիկա է, ասում է ՍԱՏՄ խոսնակը, երբ Կենդանիների առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ այս կամ այն երկրի շրջանում կամ ողջ երկրում վիրուս կա, այդ շրջանը կամ ողջ երկիրը որևէ մասով փակվում է Հայաստանի համար:

«Հիմա ողջ երկիրն է փակվել այնքան ժամանակ, մինչև լրացուցիչ հայտարարություն կլինի, որ խնդիրը վերացած է և կարող ենք արդեն ներմուծել թույլ տալ», — նշեց նա

«Զվարթնոց» օդանավակայանի սահմանային սանիտարական հսկիչ կետի բժիշի-համաճարակաբանն իրենց ծառայության ընթացակարգն է ներկայացնում, հատկապես Չինաստանից ժամանող ուղևորների մասին նախնական տեղեկություն են ստանում ավիափոխադրողներից, նրանց նկատմամբ հսկողությունն ավելի խիստ է։

«Լրացվում են ուղևորների տեղակայման հասցեական քարտեր, որոնք հետագայում ուղարկվում են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, կենտրոնական ապարատ ու Առողջապահության նախարարության հետ համատեղ կատարվում են նշված անձանց նկատմամբ հսկողություն՝ տվյալ վարակի առավել ինկուբացիոն շրջանի տևողությամբ։ Կոնկրետ այս պարագայում 14 օրվա մասին է խոսքը», — նշեց Կարապետյանը։

Բժիշկ-համաճարակաբանն ընդգծում է՝ իրենք այս գործն անում են միշտ, 24-ժամյա ռեժիմով, պարզապես այժմ ուշադրության կենտրոնում են Չինաստանից ժամանողները։

Հայաստանի Առողջապահության նախարարությունը հորդորում է միջազգային ուղևորություններ ծրագրելիս` հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը։ Դե իսկ Չինաստանում գտնվողներին նախարարությունը կոչ է անում խուսափել կամ բացառել հատկապես ծովամթերքի շուկաներ այցելելուց, օգտագործել միայն լավ եփած սնունդ ու շշալցված ջուր, չայցելել կենդանաբանական այգիներ, օգտագործել դիմակներ։ Չինաստանից վերադառնալիս էլ գրիպանման հիվանդություններին բնորոշ ախտանիշների առկայության դեպքում անհապաղ դիմել բժշկի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ