«Քաղաքական որոշում է»․ Բադասյանը՝ հանձնաժողովում Արփինե Հովհաննիսյանին չընդգրկելու մասին

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը չի ընդգրկվել Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, քանի որ մասնակցել է 2015 թվականի Սահմանադրական բարեփոխումներին։ Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Հանձնաժողովը դեռ չի ձեւավորվել։ Իրավաբան-գիտնականների եւ ՀԿ-ների ընտրելիս նպատակ չունեինք, որպեսզի ընդդիմադիրներ կամ իշխանամետներ այնտեղ լինեին։ Այնտեղ պետք է լինեին իրավաբան-գիտնականներ եւ քաղաքացիական հասարակության 2 ներկայացուցիչ 6 իրաբան-գիտնական։ Տիկին Հովհաննիսյանի մասով, գնահատում ենք իր անկեղծ մղումները, որ ինքը հայտարարել է՝ անկեղծ մղումներով ուզում էի օգնել։ Մենք այս քայլով չենք ուզում ցույց տալ, թե մենք իր օգնության կարիքը չունենք կամ ունենք, ուղղակի տիկին Հովհաննիսյանի դիմումում նշված է, որ ինքը մասնակցել է հանձնաժողովի նախորդ սահմանադրության փոփոխությունների աշխատանքներին։ Խոսք է գնում ոչ ֆորմալ մասնակցության մասին, նայել ենք, այնտեղ ֆորմալ առումով տիկին Հովհաննիսյանը հանձնաժողովի աշխատանքներին որպես հանձնաժողովի անդամ չի եղել, բայց մենք կասկածի տակ դա էլ չենք դնում»,- ասաց Բադասյանը։

Արդարադատության նախարարն ասաց, որ Արփինե Հովհաննիսյանի մասնագիտական ունակություններն իրենք կասկածի տակ չեն դրել․ «Մեր պաշտոնական փաստաթղթում դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ նշվում է, որ քննադատություն է հնչում 2015 թվականի փոփոխությունների եւ դրան հաջորդած պրոցեսների հետ կապված։ Մենք այդ հանգամանքը չէինք կարող դրական գնահատել։ Ի գիտություն եմ ընդունում, որ տիկին Հովհաննիսյանն ուզում էր անկեղծ մղումներով օգնել մեզ, մենք այդ օգնությունից չենք հրաժարվի, սա ոչ առաջին եւ ոչ վերջին ֆորմատն է։ Քաղաքական որոշում է կայացվել, որ մեզ պետք են իրավաբան-գիտնականներ եւ ըստ դրա քաղաքական որոշում է կայացվել դիմումի ուսումնասիրության ընթացքում»։

Բադասյանը շեշտեց, որ հանձնաժողով ընդգրկվել են ավելի համապատասխանողներն ընդգրկվել են, եւ, որ ավելի անկախ անձինք են ընտրվել հանձնաժողով։

«2015 թվականի փոփոխությունների նախաձեռնությունը եւ նման փոփոխությունների իրականացումը խայտառակություն էր մեր երկրի համար։ Եվ Կառավարության կողմից հաստատված փաստաթղթում դատաիրավական ռամզավարությամբ քննադատվում է այս նախաձեռնությունը»,- ասաց Բադասյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ