«Մեջը ուժ չկա, առյուծի թևերը կապ չունեն կենդանու հետ, թրերը հայկական չեն». քննարկվում է ՊՆ նոր տարբերանշանը

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ ՊՆ նոր տարբերանշանի տարբերակը: ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, իր ֆեյսբուքյան էջում հրապարակելով առաջարկվող տարբերանշանի լուսանկարը, նշել է, թե այդ տարբերակում յուրաքանչյուր բաղադրիչն ինչ է խորհրդանշում:

Ֆեյսբուքում նոր տարբերանշանի քննարկումը բավականին բուռն է, սակայն դժվար է գտնել դրական կարծիք: Առավելապես դժգոհ են հերալդիկայի մասնագետները, նկարիչները, դիզայներները: Կատարված աշխատանքը որակելով մասնագիտորեն վատ իրականացված՝ նրանք նշում են էական բացերը:

«Որպես մասնագետ ասեմ՝ մեջը ուժ չկա։ Ունի ավելորդ լարումները ու սուր անկյունները։ Արվածի քանակայինը, հատերը, չեն բացատրվում։ Գունայինը՝ շատ է դեղին ու թերևս դեղինը ցորենի գույնը չէ։ Էսքանը բավարար է վրան կրկին աշխատելու համար»,- նշել է Գյումրիի քանդակագործության ազգային պարկ-թանգարանի տնօրեն Արթուր Գևորգյանը:

«Ես տամ մասնագիտական գնահատական: Այստեղ պակասում են գույների նշանակությունները. խնդրում եմ ավելացնել, որպեսզի պարզ լինի՝ որ գույնը ինչ խորհրդանիշ ունի։ Իսկ եթե հեղինակը խորհրդանշական չի համարում գույները, ապա շատ խայտաբղետ է, որն էլ, զինանշանի արտաքին տեսքը փչացնում է»,- նշել է մարքետոլոգ Անահիտ Մանասյանը՝ ընդգծելով, որ խորապես ուսումնասիրել է սիմվոլիզմի թեման, որն էլ կիրառում է իր աշխատանքում՝ տարբերանշաններ ստեղծելիս:

Նկարիչ, դերասան Սուքիաս Թորոսյանը կետ առ կետ ներկայացրել է իր դիտարկումները՝ նշելով. «Հեղինակին չեմ մեղադրում, նա արել է այնպես, ինչպես պատկերացրել է: Առաջինը որ աչքի է ընկնում, կենտրոնում խաչ հիշեցնող կելտական զարդանախշն է… Հայկական խաչերը դեռ ուրարտական շրջանից եղել են ծաղկող, իսկ կելտականը համադրություն է սկանդինավյան Թորի և Օդինի տարբերանշանների: Երկրորդը տակի եռագույն ժապավենն է, որ ըստ հերալդիկայի կանոնների ոչ թե դրոշ, այլ կարգախոսի համար է: Երրորդը ցորենի հասկի և նռան ճյուղի համադրությունն է: Նռան ճյուղ պատկերելուց ամենաքիչը երեք պտուղ են պատկերել, որպես կենաց ծառ, և այն ցորենի հասկի հետ Ամանորի դիցին կարող էր նվիրվել: Տվյալ դեպքում դափնին ավելի տեղին կլիներ: Չորրորդ՝ առյուծի դիմացի թևերը կապ չունեն կենդանու հետ, և ներքևը բերած օրինակը՝ Սերովբենների թևերն են:

Հինգերորդ՝ թրերի կոթերը քիչ հավանականություն ունեն հայկական լինելու, և հետո կարծես նույն ուղղության վրա չեն (ժամանակակից զինանշաններում աշխատում են հին զենքեր չցուցադրել, իսկ ցուցադրելուց էլ, հիշեցնեմ, որ ՄԵՐԸ՝ նետն ու աղեղն է եղել միշտ):

Օգտատերերից Վազգեն Բաբայանը կարծիք է հայտնել, որ կամ առյուծը պիտի մնա տարբերանշանի վրա, կամ՝ արծիվը, «բայց ոչ սենց՝ իրար խաչասերված: Թևերով առյուծ: Ու մի տեսակ չի էլ զգացվում, որ թևերն առյուծինն են, իրարից առանձնացված են և իրար անհամահունչ»:

«Ի՞նչ կապ ունի ժողովրդի աշխատասիրությունը ու պտղաբերությունը ՊՆ լոգոյի հետ: Որպես Լոգո՝ չափից շատ ա միջի ինֆորմացիան: Կարծում եմ էս պարագայում արժի մաքսիմում պարզացնել»,- նկատել է Հայկ Բերիկյանը:

Դավիթ Մարտիրոսյանը նշել է, որ առյուծը չպետք է նայի դեպի ձախ, քանի որ դա խորհրդանշում է թիկունքից անպաշտպան է մնալը. «Կամ պետք է երկու առյուծի գլուխ լիներ՝ աջ ու ձախ նայող, կամ էլ՝ առյուծն ուղիղ նայեր»:

«Առյուծը դինոզավր է հիշեցնում»,- նշել է Սահակ Ալեքսյանյանը:

Օգտատերերից ոմանք մտահոգություն են հայտնել, թե մասնագետների կարծիքները, հնարավոր է, հաշվի չառնվեն և տարբերանշանն այսպես էլ ընդունվի, քանի որ այն արդեն առկա է Պաշտպանության նախարարի բաճկոններից մեկի թևին:

ՊՆ խոսնակը քննարկման մասնակիցներին հիշեցրել է. «Այստեղ կարևոր է մի քանի հանգամանք։
1. Սա նախագիծ է, պաշտոնական չէ, վերջնական չէ։
2. Ոչ այս նկարում, ոչ երեկվա շրջանառված նկարում գծերի համաչափությունը կարող է պահպանված չլինել, քանի որ այն վեկտորային ֆայլը չէ։
3. Այս նախագիծը հանրային աջակցության պարագայում կարող է դառնալ պաշտոնական։ Կարող է դառնալ»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Նյութի աղբյուր՝ armtimes.com

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ