Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովում Սեյրան Օհանյանին են լսելու․ նրա համար նախատեսվել է ավելի քան 30 հարց

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովն այսօր գումարելու է 2020 թվականի առաջին նիստը։ Հրավիրյալը, մեր տեղեկություններով, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Սեյրան Օհանյանն է։

Օհանյանն արդեն իսկ համաձայնել է ներկա լինել քննիչ հանձնաժողովի նիստին։ Նրա համար նախապատրաստվել է նվազագույնը 30 հարց։

Մինչ այս՝ հանձնաժողովը լսել է ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի եւ հրետանու վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Ալբերտ Մարդոյանին, ՊԲ ռազմական հետախուզության նախկին պետին, առաջնագծում պատերազմի օրերին մարտական հերթապահություն իրականացրած զինծառայողների, բուժաշխատողի եւ այլոց։

Հանձնաժողովականները մինչեւ ուսումնասիրության ժամկետի ավարտը պատրաստվում են լսել նաեւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Մովսես Հակոբյանին, Սերժ Սարգսյանին եւ մոտ 40 այլ նախկին ու ներկա պաշտոնատար անձանց։

Հիշեցնենք՝ քննիչ հանձնաժողովն իր աշխատանքներն սկսել է նախորդ տարվա հունիսին։ Ուսումնասիրության համար հատկացվել էր վեց ամիս ժամկետ, սակայն ուսումնասիրության եւ աշխատանքներն ավարտին հասցնելու համար հանձնաժողովն ԱԺ-ից խնդրեց եւս 6 ամիս։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ