Ուրֆանյանի մայրը դիմել է Փաշինյանին՝ հարցնելով՝ իմ տղան հերո՞ս է, թե՞ ոչ. Վարչապետը խոստացել է հանձնարարական տալ վերանայել որոշումը

Ապրիլյան պատերազմի հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ներսիսյանը նախորդ իշխանությունների օրոք դժգոհություն էր հայտնել ու ասել էր, որ շատ վիրավորված է՝ որդուն Արցախի հերոսի կոչում, կամ Հայաստանի ազգային հերոսի կոչում չեն տալիս:

Նա ասում էր, որ անարդարության զգացում ունի, բացատրություններ էր պահանջում օրվա իշխանավորներից, ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանից՝ ասելով, որ իր որդու՝ արյամբ վաստակած մեդալը պետք է տան: Երբ հերոսի մոր խոսքերը փոխանցեցինք Վիգեն Սարգսյանին, նա իրենց մերժումն այսպես բացատրեց. «Այդ գործընթացը մեկ անձի կամ փոփոխված նախարարի մակարդակի լուծվելու խնդիր չի:

Յուրաքանչյուր նման դեպք մանրամասն ուսումնասիրվում է եւ համադրելով բազմաթիվ հանգամանքներ՝ հատուկ հանձնաժողովներ ներկայացնում են միջնորդություն պաշտպանության նախարարին, նախարարը՝ ՀՀ նախագահին եւ կայացվում է այն որոշումը, որը ներկայացվել է: Պետական պարգեւները եւ կոչումները շատ կարեւոր միջոց են երախտագիտություն հայտնելու, բայց ես կարծում եմ՝ մենք, որպես հասարակություն եւ պետություն հասունացել ենք այնքան, որ չսահմանափակվենք դրանով»:

Այս իշխանությունների օրոք էլ Ուրֆանյանը հերոսի կոչում չստացավ, նոր իշխանություններին այդ հարցով դիմե՞լ եք ու ի՞նչ են պատասխանել ներկայիս իշխանավորները: Ուրֆանյանի մայրը պատասխանեց. «Ոչ մի ձեւով հարցը չի լուծվել:

Ես հեղափոխությունից հետո դիմեցի պարոն Փաշինյանին, երեւի մեկ անգամ էլ պետք է էլի հիշեցնեմ, ինքն ասեց՝ հանձնարարականը կտամ, թող վերանայեն: Ես ասեցի՝ եթե ոչ, ապա ասեք ինչու, ինձ պատասխան տվեք՝ նա հերո՞ս է, թե՞ ոչ: Ինձ համար դա շատ կարեւոր է: Ես այսօր ապրում եմ ինչի՞ համար՝ իմ տղայի համար: Նա ինչի արժանի է՝ պետք է վերադարձնել, պետք է տալ: Դա իր վաստակն է չորացած արյան»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ