Տոնդ շնորհավոր ՄՈՆԹԵ ․ Փառք ու պատիվ քեզ ՀԵՐՈՍ․․․

Մենք ողջ կյանքի ընթացքում, կամա, թե ակամա, կորցնում ենք մեզ հարազատ մարդկանց, մի ակնթարթում մարդկանց վառ կերպարն ու անհատականությունը մեզ համար դառնում է հիշողություն: Մենք դժվարությամբ ենք համակերպվում մեզ համար թանկ մարդկանց կորստի հետ, քանի որ գիտակցում ենք նրանց թողած արժեքը մեր կյանքում, իսկ որքան մեծ է այն, այնքան ավելի է ծանր է համակերպվել նրանց բացակայության հետ: Նման մարդկանց անունները հավերժ մնում են մեր շուրթերին, նրանցից ոմանք՝ ապրում են մեր սրտերում, նրանցից շատերի մասին հիշողությունները երբևէ չեն ջնջվում մեր մտքից:

Բայց կան մեծություններ, որոնց կորստյան ցավն ազգովին ենք սգում, հիշողությունները նրանց մասին ստիպում է ոչ թե ահով խոնարհվել նրանց առջև, սարսափազդու պատկառանք կամ վախ զգալ, այլ համակվել անկաշկանդ ու իմաստավորված սիրով` համեմված խոր երախտագիտության և հպարտության անկեղծ զգացումներով: Նրանք անմահ են, նրանք մեր ազգի ՀԵՐՈՍՆԵՐՆ են: Նման հերոս է մեզ համար Մոնթե Մելքոնյանը, նույն ինքը՝ Ավոն…

980թ. Մոնթեն անդամագրվում է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին (ԱՍԱԼԱ), որի շարքերից, գործելաձևի և կազմակերպչական խոր տարաձայնությունների պատճառով, մի խումբ ընկերների հետ հեռանում է 1983թ-ին: 1983թ. օգոստոսին համախոհների հետ ստեղծել է «ՀԱՀԳԲ-հեղափոխական շարժում» կազմակերպությունը: 1985թ. նոյեմբերին երկրորդ անգամ է ձերբակալվելով Փարիզում` հայկական պահանջատիրական բնույթի անլեգալ գործունեության և դարձյալ կեղծ անձնագիր կրելու մեղադրանքով, և մինչև 1989թ. հունվարն անցկացնում է Ֆրեն և Պուասի բանտերում:

1989թ. հունվարին Մոնթեն ազատվում է: Երկար թափառելուց հետո, 1990թ. հոկտեմբերին նրան հաջողվում է գալ Հայաստան:

1991թ. օգոստոսին 3-ին Մոնթեն ամուսնանում է Սեդայի հետ:

1991-ին Մ.Մելքոնյանը, «Ավո» կեղծանվամբ, հայ ազատագրական պայքարի անկոտրուն գաղափարներով, մեկնում է Հյուսիսային Արցախ, և սեպտեմբերի 14-18-ը մասնակցում է Էրքեջի, Բուզլուխի և Մանաշիդի ազատագրական մարտերին: Վերադառնալով Երևան` հավաքում է «Հայրենասիրական» ջոկատի մարտիկներին և միանալով «Կոռինձոր» ջոկատին` կրկին մեկնում է Շահումյան` Ղարաչինար գյուղը: Մինչև դեկտեմբերի վերջերը մասնակցում է Շահումյանի շրջանի պաշտպանությանն ու գրավյալ գյուղերի ազատագրմանը, աչքի է ընկել մարտական կարողություններով ու հրամանատարական հմտությամբ:

1992թ. փետրվարի 4-ին, Վազգեն Սարգսյանը Մոնթեին նշանակում է Մարտունու պաշտպանության շրջանի շտաբի պետ: Հենց նույն օրը` փետրվարի 4-ին, մեկնում է Արցախ: Մեկ ամիս անց նրան հանձնարարվում է գլխավորել շրջանի պաշտպանությունը: Իր հրամանատարության ժամանակաշրջանում ազատագրվում է Մարտունու շրջանի բռնազավթված տարածքի 80 տոկոսը, իսկ նրա մարտավարական հմտության և դիպուկ գործողությունների շնորհիվ Մարտունին դառնում է անառիկ բերդ, և այդ տարիներին շրջանի պաշտոնական փաստաթղթերում այդպես էլ նշվում էր` Մոնթեբերդ:

1992թ-ի վերջերին Մարտունու պաշտպանական շրջանի մարտական հաջող գործողությունների շնորհիվ` Արցախի պաշտպանական ուժերը հասնում են պետական սահման և 20կմ երկարությամբ պահակակետեր հիմնում շրջանի հյուսիսային սահմանագծերում: 1993թ. մարտին Մոնթեն իր զորաջոկատով մասնակցում է Մարտակերտի շրջանի ազատագրմանը, իսկ մարտի վերջերին ու ապրիլի սկզբին՝ ղեկավարում Քարվաճառի ազատագրման գործողությունը` Արցախի կողմից: 1993թ. մարտի 27-ից ապրիլի 2-ը Մոնթեի ղեկավարությամբ իրականացվում է Քարվաճառի շրջանում տեղաբաշխված թշնամու ռազմակայանների ոչնչացման գործողությունը:

1993թ. հունիսի 12-ին Մոնթեն առաջին անգամ անձամբ չի մասնակցում մարտին, այլ Աշանից ներքև գտնվող Մոթ սարի «08» դիտակետից ղեկավարում է Աղդամի մատույցներում թշնամու կրակակետերի ոչնչացման գործողությունը: Մարտերից հետո զինակիցների հետ իջնելով դիտակետից` դիրքերի վիճակն ստուգելու նպատակով, Մարզիլու գյուղի ծայրին անսպասելիորեն հանդիպած հակառակորդի ԲՄՊ-1 զրահամեքենային ու կարճատև, առճակատ մարտում զոհվում է զրահամեքենայի արկի` աջ քունքը մխրճված բեկորից:

1993թ. հունիսի 19-ին Մոնթեի աճյունն ամփոփվել է Երևանի «Եռաբլուր» պանթեոնում:
Մոնթե Մելքոնյանին հետմահու շնորհվել է «ՀՀ Ազգային հերոս»-ի և «Արցախի հերոս»-ի բարձրագույն կոչումները:

ԼՂՀ պաշտպանության բանակի Մարտունու շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար, ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս, «Հայրենիքի համար» (ՀՀ), ԼՂՀ  «Ոսկե արծիվ» և «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանների ասպետ, հրապարակախոս, հնագետ, փոխգնդապետ Մոնթե Մելքոնյանի ամենավսեմ պարգևը պատմական հայրենիքի մի բեկորի՝ Արցախի ազատագրումն է:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ