«Այս պատմությանն իր բոլոր դետալներով տիրապետում է 3 հոգի». վարչապետ Փաշինյան

Այս ամբողջ պատմությանն իր բոլոր դետալներով տիրապետում է երեք հոգի: Այս մասին Facebook-ի իր ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ կապված վերջին զարգացումներին:

«Բայց այդ երեքից երկուսը այսօր ոչ միայն ընդդիմադիր են, այլեւ գործող իշխանության եւ իմ նկատմամբ հանդես են գալիս ակնհայտ թշնամական դիրքերից, որովհետեւ իրենց հետ կապված հարցեր կան: Երբ հարց է եղել, ես ասել եմ՝ չպատասխանված հարցեր չպետք է լինեն, պետք է քննվեն՝ ով ուզում է լինի: Այդ մարդիկ կոռուպցիոն հետաքննությունների մեջ են եւ այդ մարդիկ իրենց կաշին փրկելու համար ամեն ինչի կդիմեն եւ դիմում են: Այն ամենի մասին, որ ես Կապանում խոսում էի ակնարկներով, այսօր բացահայտ արտահայտվեց եւ ապացուցվեց»,-ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ իր գնահատմամբ, կեղծիքներով ՍԴ նախագահ դարձած մարդը իրավունք չունի ՍԴ նախագահ լինել եւ ընդհանրապես ՍԴ-ում լինել. «Կեղծիքով ընտրված չի կարող լինել ՍԴ նախագահ կամ անդամ, ինչպես նաեւ չի կարող լինել վարչապետ, պատգամավոր, նախագահ: Վերջին 7-8 ամսվա մեջ իմ մեջ այս բանավեճն է տեղի ունեցել ամեն օր: Ես ուրախ եմ, որ ես այդ բանավեճի մեջ գնացել եմ այս ճանապարհով, որ չեմ գնացել կուլիսային համաձայնությունների ճանապարհով»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ