Աչաջրի ծննդատան գործունեությունը շարունակելու նպատակով դրամահավաք է սկսվել։ Այս մասին այսօր ասաց «Պարացելսուս» ՀԿ-ի նախագահ Նունե Ավանեսյանը։
Նա հայտնեց, որ դրամահավաքի նախաձեռնությունն իրենն է. «Սկսել և մինչև վերջ տանելու եմ, և եթե այսօրվա իշխանությունը պետականամետ մտածողություն ունի, ապա Աչաջուր համայնքի ծննդաբերական բաժանմունքը չպետք է փակվի»։
Հարցին, թե արդյո՞ք ՀՀ առողջապահության նախարարությունը տեղյակ է դրամահավաքի մասին և ինչպես է արձագանքել՝ Ավանեսյանը պատասխանեց. «Ինձ համար միևնույն է՝ նախարարը տեղյակ է դրամահավաքից, թե ոչ»,- ասաց նա և նախարարին կոչ արեց, որպեսզի ինքն միանա ։
«ՀՀ առողջապահության նախարարի աթոռը զբաղեցնող անձը՝ Արսեն Թորոսյանը, բազմիցս հայտարարել է, որ իրեն սպասարկող «Պրադո» մեքենան թանկարժեք չէ և շատ այլ թանկարժեք մեքենաներ ունի։ Խորհուրդ եմ տալիս նրան վաճառել «Պրադոն» և գումարը հանգանակել Աչաջրի ծննդաբերական բաժանմունքին»,– ասաց Նունե Ավանեսյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել, ըստ որի ՀՀ մարզային մի շարք բուժհաստատությունների ֆինանսավորումը դադարեցվում է, ինչի հետևանքով մարզային մի շարք ծննդատներ փակվում են։ Ըստ այդ որոշման՝ ծննդատների ծնունդների թիվը պետք է հասնի 150-ի և 150-ից պակաս լինելու դեպքում ծննդատուները պետք է լուծարվեն։
Նյութի աղբյուր՝ tert.am