«Իմ կոստյումը Ս. Սարգսյանի կոստյումից տարբերվում է նրանով,որ իմ գրպաններում միլիարդներ չկան»․ վարչապետ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ասուլիսի ընթացքում պատասխանելով Սահմանադրության փոփոխության նպատակների մասին հարցին, պատմել է, որ հեղափոխության հաջորդ օրից եղել են մարդիկ, որոնք իրեն առաջարկել են վերականգնել կիսանախագահական համակարգը, քանի որ այդ դեպքում պատասխանատվությունը միայն վարչապետի վրա չի ընկնում:

«Իմ պատասխանը դրան սա էր: Ես կարծում եմ, որ պետության իրական լիդերը և ես էլ՝ որպես անձ, իմ պատասխանատվությունը կյանքում ուրիշի վրա չեմ գցի: Որովհետև հենց առաջինը՝ մեր երկրի ձախողումները եկել են այդ անպատասխանատվությունից: Կիսանախագահական համակարգը անպատասխանատու կառավարման համակարգ է: Կարծում եմ՝ էս տարբերակը Հայաստանի համար պետք է բացառել: Կիսատ որևէ բան մենք պետք է չունենանք: Կա՛մ պետք է ունենանք լրիվ խորհրդարանական համակարգ, կա՛մ պետք է ունենանք լրիվ նախագահական համակարգ, երբ նախագահը նաև Կառավարության ղեկավարն է: Կարծում եմ՝ մենք կառավարման համակարգը չպետք է փոխենք առնվազն այնքան ժամանակ, մինչև չենք համոզվել, որ այն պրոբլեմ է: Սահմանադրական փոփոխությունների հիմնական նպատակը պետք է լինի դատական համակարգի համապատասխանեցումը մեր այսօրվա իրողություններին»,- ասել է վարչապետը:

Անդրադառնալով «սուպերվարչապետական կոստյումին»՝ Փաշինյանը նշել է, որ իրենը տարբերվում է Սերժ Սարգսյանի կոստյումից, և որ այն երկրում, որտեղ ամեն օր կոռուպցիայի դեմ պայքար է տարվում, չի կարող լինել սուպերվարչապետական համակարգ:

«Ես հիմա ապրում եմ այն տանը, որտեղ ժամանակին ապրել է Սերժ Սարգսյանը: Ժողովրդավարության պայմաններում սուպերվարչապետական համակարգ գոյություն ունենալ չի կարող: Իմ կոստյումը տարբերվում է Սերժ Սարգսյանի կոստյումից նրանով, որ իմ գրպաններում միլիարդներ չկան, իմ գրպաններում 20-25 լրատվամիջոցներ չկան, դրանք ինչպես եղել են, այնպես էլ շարունակում են մնալ նախկին կոռումպացված պաշտոնյաների գրպաններում: Այն երկրում, որտեղ ամեն օր կոռուպցիայի դեմ պայքար է տարվում, չի կարող լինել սուպերվարչապետական համակարգ»,- ասել է վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ