Ո՜ւշ-ո՜ւշ են գալիս, բայց ո՛չ ուշացած.․․ Այսօր Պարույր Սևակի ծննդյան օրն է


Հայ մեծ բանաստեղծ Պարույր Սևակը ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում։ Պարույրն իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկը փոքր տարիքում մահանում է, նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։

Գերազանց առաջադիմության շնորհիվ ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում և շարունակել ուսումը։ Պարույրը մանուկ հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր փորձերն է անում պոեզիայում։
1940 թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով՝ ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի հայերենի բաժինը։ Եղել է ամենալավ ուսանողներից մեկը։

«Սովետական գրականություն» ամսագրում Պարույր Սևակ ստորագրությամբ տպագրվում են նրա երեք բանաստեղծությունները։ Ծննդավայրը, հարազատ միջավայրը ողջ կյանքի ընթացքում ոչ միայն անմոռաց ու սիրելի մնացին բանաստեղծի համար, այլև դարձան ներշնչարանք նրա սիրո, կարոտի, մայրական և հայրենասիրական երգերի համար:
1955 թվականին Սևակն ավարտում է Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ դասախոսելով, անց է կացնում կյանքի հետագա չորս տարիները։ 1970թ.-ին Պարույր Սևակն ստանում է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական կոչումը։
1963թ.-ից մինչև 1971թ. աշխատում է որպես ավագ գիտաշխատող Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում, 1966թ.-ից դառնում է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը։ Սևակը մահացել է 1971 թվականի հունիսի 17-ին ավտովթարից։ Թաղված է հայրենի գյուղում։

Ո՜ւշ-ո՜ւշ են գալիս, բայց ո՛չ ուշացած.
Ծնվում են նրանք ճի՛շտ ժամանակին:
Եվ ժամանակից առաջ են ընկնում,
Դրա համար էլ չեն ներում նրանց:

Անտոհմ չեն նրանք կամ անհայրենիք.
Հասարակ հորից ու մորից ծնված՝
Սերում են նրանք և ա՛յն վայրենուց,
Որ էլ չէ՜ր կարող ապրել քարայրում:

Սերում են նրանք և ա՛յն ծերուկից,
Որ նախընտրում էր քնել տակառում:
Սերում են նրանք և ա՛յն պատանուց,
Որ սիրահարվեց իր իսկ պատկերին:

Սերում են նրանք բոլո՜ր նրանցից,
Որ սատանային հոգին են ծախում,
Միայն թե անե՛ն մտածածն իրենց,
Ի՜նչ փույթ, թե սատկեն ժամանակից շուտ:

Անվտանգ՝ ինչպես հրդեհն արևի,
Անվնաս՝ ինչպես օգտակար լորտուն,
Վախ են ներշնչում պետություններին
Մինչև իսկ իրենց կամքի հակառակ:

Արքաների հետ խոսում են «դու»-ով,
Եթե, իհարկե, լսում են նրանց,
Իսկ թե չեն լսում՝ մե՜կ է, չե՛ն լռի,
Կխոսեն նույնիսկ իրենց կոշկի՛ հետ:

Ով սահմանում է նոր օրենք ու կարգ՝
Հայտարարվում է և օրենքից դուրս:
Բայց չե՜ն վախենում նրանք չար մահից.
Ապրում են դժվար ու մեռնում են հեշտ…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ