Ազգային ժողովում ԲՀԿ պատգամավորի մասնակցությամբ միջադեպը լայն հանրային քննարկման արժանացավ: Թեև առաջին անգամ չէ, որ ԱԺ-ում ականատես ենք լինում նման գործելաոճի և խոսելաոճի, սակայն հարցն այն է, թե ինչու քաղաքական դաշտն իր հետ չբերեց նոր մշակույթ, քննարկումների և բանավեճերի նոր որակ:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»— ի հետ զրույցում դերասան, քաղաքական սատիրիկ Սերգեյ Դանիելյանը նշեց. «Քաղաքական դաշտը չձևավորվեց մինչև վերջ: Մենք գիտենք, թե ԲՀԿ-ն ինչպես անցավ Ազգային ժողով, ուրիշ ելք չկար, որ չանցներ, բայց դա, կարծում եմ, ժամանակի խնդիր է, մյուս ընտրություններին ժողովուրդը պետք է հասկանա՝ ինչ է ուզում:
Ասենք, եթե գողական պետություն է ուզում, պետք է ընտրի հին որևէ կուսակցության, ընդ որում՝ նաև ԲՀԿ-ին: Եթե ավելի կիրթ պետություն է ուզում, պետք է ընտրի նոր կուսակցություններից որևէ մեկին, տեխնոկրատ պետություն է ուզում, պետք է ընտրի տեխնոկրատ մարդկանց: Այսինքն՝ նալն էլ է մեր ձեռքին, մեխն էլ, այս հեղափոխության ամենալավ արդյունքն այն է, որ մենք արդեն կարող ենք ազատ ընտրել, ես գիտեմ՝ ում է ընտրելու հետո՝ ավելի ռադիկալ որևէ կուսակցության, որը կկարողանա դաշտը մաքրել և՛ գողականներից և դոդիկներից, որոնք վախենում են մի բան անեն, ամեն ինչն օրենքով են ուզում անել»:
«Մեր ԱԺ-ն այսօր ծուռ է՝ մի մասը մեծամասնություն է, մյուս մասը՝ կիսագողական փոքրամասնություն»,- նշեց դերասանը՝ հավելելով նաև, որ քաղաքական գործիչները պետք է ստեղծագործող միտք ունենան:
Նյութի աղբյուր՝ Առաջին Լրատվական