Կառավարությունն արտոնություն տրամադրեց կաթնամթերքի արտադրության ներդրումային ծրագրին

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատել «ԴՈՒՍՏՐ ՄԱՐԻԱՆՆԱ» ՍՊԸ-ին:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ընկերությունը ներմուծվող հումքը օգտագործելու է սերուցքային կարագի արտադրության համար:

Նախարարի խոսքով՝ ծրագրով նախատեսվում է առաջիկա երեք տարիների ընթացքում Իրանից ներմուծել 12 հազար տոննա կաթնային սերուցք՝ 11 մլրդ դրամ արժեքով:

«Մենք քննարկել ենք՝ արդյոք սրանով չե՞նք վնասում տեղական կաթ արտադրողներին: Ունենք հավաստիացումներ, որ ներքին պահանջարկն այնպիսին է, որ նման ներմուծումը չի կարող ազդել կաթի շուկայի առաջարկի վրա:

Այս արտոնության արդյունքում կազմակերպությունը կստանա մաքսատուրքից ազատում 1,65 մլրդ դրամի չափով: ՀՀ բյուջեի նվազումը կկազմի 20,1 մլն դրամ»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ ընկերությունն ունի 318 աշխատակից, այս ծրագրի արդյունքում ևս 15 նոր աշխատատեղ կստեղծվի՝ 140 հազար դրամ միջին աշխատավարձով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ