«Մյուս տարի մենք ոչ թե 271 մլն, այլ 570 մլն դրամ կծախսենք Ամանորի միջոցառումների համար». Նիկոլ Փաշինյան

Մյուս տարի Կառավարությունը ոչ թե 271 մլն դրամ կծախսի Ամանորի միջոցառումների համար, այլ՝ 570 մլն դրամ: Այս մասին Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սրանով ոչ միայն օտարերկրյա զբոսաշրջիկների կհրավիրենք Հայաստան, այլև կօգնենք, որ ՀՀ քաղաքացիներն Ամանորը նշեն ՀՀ-ում: Մյուս տարի արդեն ոչ թե 9 մլրդ դրամ հավելյալ շրջանառություն կապահովենք, այլ 20 մլրդ դրամ, 25 մլրդ դրամ, 30 մլրդ դրամ: Սա ասում եմ, որ մեր հարգելի քննադատները պատրաստ լինեն, որ մյուս տարի այդ գումարը պատրաստ ենք նաև կրկնապատկել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետը հայտարարել էր, որ 2019 թ. դեկտեմբերի 26-ից 2020թ.-ի հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ 9 միլիարդ 307 միլիոն դրամի հավելյալ շրջանառություն է կատարվել Հայաստանում: Ամանորին Երևանում կատարվող տոնակատարությունների համար ծախսվել էր 271 միլիոն դրամ:

Խորհրդարանում հնչած հարցին, թե ինչ չափանիշներով է կատարվել հաշվարկը, ինչպես  կհիմնավորեք, որ հավելյալ դրամաշրջանառության աճին նպաստել է ծախսված գումարը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ո՞րն է կանխավարկածը, այս տոնակատարությունը գրավել է քաղաքացիների, ես ինքս համոզվել եմ՝ սփյուռքից ահռելի մեծ թվով մարդ է եկել, մեծ թվով զբոսաշրջիկներ, որոնք Երևանում 1-2 օր անցկացնելուց հետո գնացել են մարզեր՝ տեսարժան վայրեր, և նաև կրպակներում, ռեստորաններում առևտուր են արել և այդ առևտուրը ՀԴՄ-ներով արձանագրվել է»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ