Վարչապետը զարմացել է, որ ծննդատան աշխատակիցները հիվանդանոցային խալաթներով դուրս էին փողոց

Ծննդատների փակման հետ կապված քննարկումների ժամանակ ասվում էր, որ Մարալիկի ծննդատունը սպասարկում է եւս 25 գյուղերի. ինձ մոտ ծագած առաջին հարցն այն էր, թե ինչո՞ւ է Մարալիկի ծննդատունը սպասարկում 25 գյուղերի, ինչո՞ւ այդ բոլոր գյուղերում չկան սեփական ծննդատներ: Ազգային ժողովում պատգամավորների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինչո՞ւ մենք այսօր պահանջ չենք դնում, որ ՀՀ յուրաքանչյուր բնակավայրում լինի ծննդատուն․ որովհետեւ դա տրամաբանական պահանջ չէ: Դա մոտավորապես նույնն է, որ պահանջենք՝ Երեւանում ամեն շենքի մոտ լինի ծննդատուն: Բայց մյուս կողմից, օրինակ, եթե մենք պրոբլեմ չունենք, որ այդ 25 գյուղերի բնակիչները նստեն մեքենա, 25 կմ կտրեն ու հասնեն Մարալիկ, ինչու մենք պրոբլեմ ունենք, որ Մարալիկի բնակիչը 25 կմ կտրի եւ հասնի Արթիկ, հասնի Գյումրի»,- ասաց վարչապետը:

Վարչապետն ասաց՝ Աստված չանի՝ այդ ծննդատանը մի դեպք լինի, եւ պարզվի, որ այնտեղ չկա համապատասխան մասնագետ, համապատասխան տեխնիկա, այնտեղ բժիշկները տարեկան իրենց միջին մասնագիտական ծանրաբեռնվածությունից ցածր աշխատելու պատճառով կորցնում են իրենց պրոֆեսիոնալիզմը, քաղաքացիները գալու են ու ասեն՝ կառավարություն, բա ի՞նչ էիք մտածում, դուք չգիտեի՞ք, որ այս պրոբլեմը կա․

«Անկեղծ ասած՝ ես զարմացա, երբ հեռուստատեսությամբ տեսա կոնկրետ Մարալիկի ծննդատան գործադուլ անող բուժաշխատողներին, որոնք հիվանդանոցային խալաթներով եւ ոտնամաններով դուրս էին եկել եւ փողոցներում ձների մեջ քայլում էին: Այդ նույն խալաթներով ու ոտնամաններով գնալու էին ծնունդ ընդունելու»:

Վարչապետը շարունակեց, որ պետք է ռազմավարական լուծումների գալ․

«Եթե, օրինակ, Արթիկում կա պատշաճ մակարդակի եւ չափանիշներին համապատասխանող ծննդատուն, Արթիկից Մարալիկ 15-20 կմ է: Այսինքն՝ այդ 25 գյուղերի բնակիչներին Մարալիկը հասանելի է նույնքան, որքան Արթիկը: Մենք ռազմավարական մակարդակում պետք է լուծենք հասանելիության խնդիրը։ Ավելի լավ է՝ ամեն գյուղում  ճանապարհները կառուցենք, շտապօգնության մեքենաներ դնենք, որ ծննդկանը ոչ թե իրենց տան մեքենան նստի, այլ շտապօգնությունն արագ մոտենա, հասցնի մարդուն տեղ եւ պատշաճ ծառայությունը ստանա»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այսօր ֆինանսավորման կրճատման մասին խոսք չկա, քանի որ առողջապահության ֆինանսավորումը 30 տոկոսով ավելացրել են:

Նյութի աղբյուր՝ armtimes.com

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ