«Չորս ամիս կյանքս կերան, հետո ասեցի՝ լավ ցուցմունք եմ տալիս Վանոյի դեմ, բայց մի պայմանով․․․»․ նոր մանրամասներ վկայի ցուցմունքում

«Իմ մասին բազմաթիվ հորինված պատմություններ են պատմում, ասենք՝ Արմեն Տեր-Սահակյանը խմած ուզում էր սպանել Վազգեն Սարգսյանին և այլն: Այսքան ժամանակ չեմ խոսել, բայց հիմա ուզում եմ պատմել անցածս ուղու մասին, որ ժողովուրդը հասկանա՝ իրականում ի՞նչ է կատարվել:

Ինձ որ բռնեցին՝ վրաս կեղտոտ շառ էր, իբր ուզեցել եմ Վազգեն Սարգսյանին սպանեմ»,-Arlur.am-ի և ևս երկու լրատվամիջոցի հետ զրուցում պատմեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ում արդեն 23 տարի պատիժը կրող ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանը, ով լրատվամիջոցների կողմից միշտ ներկայացվել է, որպես Վանո Սիրադեղյանի ստեղծած բանդայի պարագլուխ:

Արմեն Տեր-Սահակյանի խոսքով՝ այդ ամենը նախապես պլանավորած խաղ է եղել .«Ուզում էին դուրս գալ իշխանության դեմ ու չգիտեին, թե ո՞նց: Օգտագործեցին Արմեն Տեր-Սահակյանին: Ինձ երբ տարան 6-րդ բաժին՝ Կրակեմ Հրաչն էր, հասկացա, որ կեղտոտ խաղ է խաղացվում: Ասեց, որ իմ հեռախոսը լսել են և ես իրեն մի հարց տվեցի՝ ասեցի, որ երեք հատ հեռախոս ունեմ ու եթե կասի, թե որ հեռախոսով եմ խոսել, ապա խնդիր չկա:

Դա սարքած բան էր, որ 98 թվին իշխանություն զավթեին: Հետո ինձ սկսեցին սպանությունների մեջ մեղադրել: Ես միանգամից եմ ասում՝ մարդ չեմ սպանել, ոչ մի սպանության մասնակից չեմ եղել և տեղում ներկա չեմ եղել ոչ մի սպանության: Ես իմ տանը քնած եմ եղել և պնդում եմ, որ որևէ առնչություն չունեմ այդ սպանությունների հետ: Ինձ մահապատժի դատապարտեցին միայն նրա համար, որ իրենց ուզածը չարեցի:

Աղվան Հովսեփյանը նստում էր իմ դիմաց ու ասում էր՝ քեզ մահապատիժ չի հասնում, բայց տալու ենք: Այսինքն՝ միակ պայմանը Վանոն էր: Ասում էր՝ ասա, որ Վանոն է ու մի տարի չես նստի: Վահան Հարությունյանից շուտ կազատվեի ու 23 տարի բերդում չէի անցկացնի: Ես հրաժարվել եմ ցուցմունք տալուց: Մեր տղաները բանդա չեն եղել:

Նրանք 1988 թվականից սահմանին կռվել են մյուս ջոկատների նման: Այդ «բանդա» հասկացողությունը մեզ կպցրեցին բանդիտները՝ Աղվան Հովսեփյանը և իրա պապաները: Մեր տղաներին բանտում սպանում էին՝ ծեծելով: Պատկերացրեք լրիվ տկլոր մարդուն փետրվար ամսին՝ գցում էին կլորի մեջտեղը ու ձյան մեջ ծեծում: Ո՞վ պետքա սպաներ Վազգեն Սարգսյանին:

Ծեծված գցում էին ձյան մեջ ու վեդրոյով ջուրնել լցնում վրան, թե ասեք, ո՞վ պետքա սպաներ Վազգենին»,-պատմեց Արմեն Տեր Սահակյանը: Արմեն Տեր-Սահակյանը հայտարարեց, որ բացարձակ անկեղծ է և պատրաստ է դրվագ առ դրվագ ներկայացնել իրականությունը:
«Չորս ամիս կյանքս կերան, հետո ասեցի՝ լավ ցուցմունք եմ տալիս Վանոյի դեմ, բայց մի պայմանով, որ ինձ կհամոզեք՝ Վանոն կապ ունի սպանությունների հետ:

Էտ սպանությունները Վանոյին պետք չէր, իսկ իրանց պետք էր, որ Վանոյին Հայաստանից վտարեին: Իրենք կամ պետք է վտարեին Վանոյին, կամ սպանեին, ոնց արեցին Վազգեն Սարգսյանի հետ: Վանոյին չէին բռնելու, որովհետև ինքը ավելի վտանգավոր կլիներ անազատության մեջ: Վանոն երկու վարյանտ ուներ՝ կամ պետք է գնար, կամ պետք է խփեին: Այլ տարբերակ չկար»,-մանրամասնեց Արմեն Տեր-Սահակյանը:

Նյութի աղբյուր՝ lurer.ru

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ