Գեորգի Կուտոյանի ատրճանակի վրա դեպքի օրը խլացուցիչ չի հայտնաբերվել

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ատրճանակի՝ Glock 34-ի վրա դեպքի օրը՝ հունվարի 17-ին, խլացուցիչ չի հայտնաբերվել:

Այս մասին երեկ ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Կուտոյանի դին գտել էին Պարույր Սեւակ փողոցի իր բնակարանում: Ըստ ՔԿ-ի՝ մինչ դեպքը՝ նա մեկ ամիս առաջ 35 անկանոն կրակոց է արձակել հյուրասենյակի եւ խոհանոցի բաժանարար պատին: Նաիրա Հարությունյանն ասաց, որ նախաքննական մարմինը քննության այս փուլում տվյալներ չունի դեկտեմբեր ամսին Կուտոյանի կողմից գործածված զենքի վրա խլացուցիչի առկայության կամ բացակայության վերաբերյալ:

Նաիրա Հարությունյանը նաեւ ասաց, որ քրեական գործի շրջանակներում Վիքիպեդիայից Կուտոյանի մասին տեղեկատվությունը հեռացնելու հանգամանքը քննության առարկա կդառնա:

Հիշեցնենք, որ Գեորգի Կուտոյան անուն ազգանունով ոմն մեկը հունվարին մի քանի անգամ, այդ թվում՝ հունվարի 16-ին, փորձել էր հայերեն Վիքիպեդիայից ջնջել ԱԱԾ նախկին տնօրենի կենսագրությունը:

Գ. Կուտոյանի դին հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել էր նրա կինը: Քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով: Նախաքննությունը շարունակվում է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ