Էդուարդ Շարմազանովը՝ դալաններում ծեծվելու մասին

ՀՀԿ-ի նոյեմբերի 11-ին նախատեսված համաժողովը չեղարկվել է: Փոխարենը լինելու է ՀՀԿ խորհրդի ընդլայնված նիստ, որին մասնակցելու են մոտավորապես 250 հոգի: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Խորհրդի նիստն ավելի արդյունավետ է, նեղ կազմ չի լինելու, 250 հոգի մարդ է լինելու»:

2013 թվականին ՀՅԴ-ական գործիչ Վահան Հովհաննիսյանն, ԱԺ-ում դիմելով ՀՀԿ-ականներին, ասել էր, որ եթե չլինի նախագահը, վարչապետը եւ մյուս լծակները, ապա իրենք չեն ընտրվի: «Ես ուզում եմ հարց ուղղել պարոն Աշոտյանին, նրա հարեւան պարոն Թովմասյանին, մի շարք այլ նախարարների եւ կառավարության անդամների՝ դուք որ առանձին մի տեղ ձեր թեկնածությունը ընտրությունների ժամանակ դնեք, ձեզ չպաշտպանի ՀՀ նախագահը, Հովիկ Արգամիչը, ՀՀ ոստիկանապետը, դատախազը եւ հայկական բանակը, դուք քանի՞  ձեն կհավաքեք:

Ձեզ էնքան կծեծեն դալաններում, որ ոչ միայն ԱԺ չեք գա, այլ դուք կարտագաղթեք: Տղերք, դուք ոչ մեկդ չեք կարողանա մեր ժողովրդի մեջ մի ձայն հավաքել»,- մասնավորապես, ասել էր Վահան Հովհաննիսյանը:

Հինգ տարի անց, երբ արդեն Արմեն Աշոտյանը եւ շատ այլ ՀՀԿ-ականներ առաջադրվելու են եւ չունեն վարչական լծակներ, Շարմազանովից ՀԺ-ն հետաքրքվեց՝ արդյո՞ք կկարողանան քվե ստանալ, թե՞ ինչպես Հովհաննիսյանն էր ասել՝ դալաններում ծեծ կուտեն: «Վահանն էլ է սխալվում, Սերժ Սարգսյանը նախագահ չէ, բայց Արմեն Աշոտյանը քաղաքական գործիչ է: Դե կտեսնեք, որ ձայն կտան»,- ասաց Շարմազանովը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ