«Չենք ուզում մեր երեխեքն էլիտար գերեզմանատան դուդուկի ու լացի ձայնի տակ մեծանան». Վանաձորի բնակիչներ

Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու հարեւանությամբ գտնվող շուրջ 1 հա տարածքի վրա իրականացված հարթեցման աշխատանքները թաղամասի բնակիչներին խուճապի են մատնել: Նրանց տեղեկություններ են հասել, որ տարածքում նախատեսում են «էլիտար» գերեզմանատուն կառուցել, որին սակայն, իրենք կտրականապես դեմ են:

Թաղամասի հարեւանությամբ է գտնվում նաեւ քաղաքային գերեզմանատունը: Բնակիչների ասած ապագա «էլիտար» գերեզմանատունը գտնվում է 2 շենքերի պատուհաններից ոչ հեռու:

Դեռ նախորդ շաբաթ թաղամասի բնակիչները հանդիպել էին Վանաձորի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ, նրանցից պարզաբանումներ ու հստակ պատասխաններ պահանջել, թե ի վերջո՝ կառուցվելո՞ւ է գ երեզմանատուն թե ոչ, եւ եթե ոչ՝ ապա ինչ է կառուցվելու: Բնակիչների խոսքով՝ քաղաքապետարանից իրենց հստակ պատասխան չեն տվել, փոխարենը խոստացել են ուսումնասիրել ու տեղեկացնել, բայց օրեր շարունակ քաղաքային իշխանություններից եւ ոչ ոք որեւէ հարցի պատասխան չի տվել:

«Բնակելի տարածքում թող շենքեր սարքեն, թող լավ բան սարքեն, որ մենք էլ մարդամիջի ապրենք…թող գոնե բերեն մի տրաֆարետ դնեն, իմանանք՝ ինչ են ուզում սարքեն, որ մենք էլ հանգստանանք: Անորոշ վիճակում ապրում ենք: Քիչ չի մինչեւ այսօր գերեզմանների մեջ ենք, հիմա էլ նորն են ուզում կառուցեն, հոգիների հետ են արդեն իմ երեխեքը խոսում»,- մեզ հետ զրույցում հայտնեցին բնակիչները՝ նշելով, որ թաղամասը ոչ ճանապարհ ունի, ոչ մանկապարտեզ, ոչ դպրոց, փոխարենը՝ գերեզմանատներ ունի:

«2 փոքր երեխա ունեմ, ես չեմ ուզում, որ իմ երեխեն դուդուկի ու լացի ձայնի տակ մեծանա: Ես չեմ ուզում, որ իմ երեխան գերեզմանների միջով դպրոց ու մանկապարտեզ գնա»,- ասացին բնակիչները՝ նշելով, որ քաղաքապետարանից վերջին անգամ ընտրությունների ժամանակ են այցելել իրենց թաղամաս:

Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ ճարտարապետության բաժնի պետ Սուրեն Աբովյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ տարածքը աճուրդով վաճառվել է 2019 թ-ի ավարտին, եւ որ մինչ օրս այդտեղ միայն հարթեցման աշխատանքներ են իրականացվել: Թե ինչ է նախատեսվում կառուցել՝ Աբովյանը չգիտեր, փոխարենն ասաց, որ մինչ օրս իրենց կողմից տվյալ տարածքում որեւէ շինարարության թույլտվություն չի եղել. «Հողամասն օտարվել է աճուրդով՝ հասարակական սպասարկման օբյեկտի կառուցման համար: Տարածքը նախատեսված չի գերեզմանների համար եւ չի էլ կառուցվում գերեզման: Որեւէ շինարարություն չի արվել: Տարածքը աղբից է մաքրվել ու հարթեցվել»,- ասաց Սուրեն Աբովյանը՝ վստահեցնելով, որ մինչ այս պահը որեւէ մեկը իրենց ոչ շինթույլտվության, ոչ էլ որեւէ հարցով չի դիմել. «Նման բան չկա, ես չգիտեմ, թե ով է նման տեղեկություններ տարածել բնակչության շրջանում եւ նման խուճապ ստեղծել…»:

Շուրջ 9000 քմ մակերեսով տարածքն, ըստ Աբովյանի, որպեսզի գերեզմանատեղ դառնա, բազմաթիվ գործողություններ պետք է արվեն. «Նախ հողի նպատակային նշանակությունը պիտի փոխվի քաղաքաշինության կոմիտեով, հետո ավագանու հաստատմանը դրվի: Դա հնարավոր չէ բնակիչներից գաղտնի անել»:

ՀԺ-ի հարցին՝ եթե տարածքի սեփականատերը օրերից մի օր դիմի տարածքը գերեզմանատուն դարձնելու թույլտվության համար՝ կթույլատրի՞ քաղաքապետարանը, բաժնի պետն ասաց. «Եթե նման առաջարկ լինի, դա մենք պետք է ուղղարկենք քաղաքաշինության կոմիտե, կառավարությունը եթե տա հողի նպատակային նշանակության փոփոխության թույլտվություն, այդ դեպքում միայն գուցե եւ փոխվի, բայց այստեղ էլ հնարավոր է համայնքի ավագանին չթույլատրի»,- եզրափակեց Սուրեն Աբովյանը:

Թաղամասի բնակիչները սակայն, թերահավատորեն են մոտենում քաղաքային իշխանությունների ներկայիս վստահեցումներին: Իրենք էլ իրենց հերթին են իշխանություններին զգուշացնում. «Մեռելը գետնի տակ չի մնա, սաղ թաղով կկանգնենք կարգելենք թաղում անել, թշնամի կդառնանք, արյունահեղություններ կլինեն բնակիչների ու հանգուցյալների հարազատների մեջ»:

Նախօրեին հայտարարություն է տարածել նաեւ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ֆեյսբուքյան իր էջում գրելով. «…Պաշտոնապես հայտարարել և հայտարարում ենք, որ նման նույնիսկ ակնարկ երբևէ որևէ սեփականատիրոջ կողմից Վանաձորի քաղաքապետարանում չի եղել և չի կարող լինել, իսկ թե ում է հարկավոր նման ապատեղեկատվության տարածումը, մնում է միայն կռահել։ Եվս մեկ անգամ չենք զլանում հավաստիացնել, որ այդ տարածքում գերեզմանատուն չի կառուցվելու, որևէ քննարկում, զրույց այդ ուղղությամբ չի եղել։ Մեր համաքաղաքացիներին էլ հորդորում և խնդրում ենք հետևել պաշտոնական հրապարակումներին և չտրվել բամբասանքներին ու տարաբնույթ ասեկոսներին»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ