«Ճանապարհին անասունը քաշ ա քցում, ստրես ա տանում». բողոքի ցույցի մասնակիցները խոստացան ճանապարհը փակել

Էջմիածին-Աշտարակ ճանապարհի վրա այսօր շարունակվեց բողոքի ակցիան. մի խումբ անասնապահներ ու մսագործներ բողոքում էին խոշոր եւ մանր եղջերավոր անասունների՝ սպանդանոցային պայմաններում մորթ կատարելու պարտադիր պայմանի դեմ։

Նրանց հետ հանդիպեցին Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետը, Սննդի անվտանգության պետական ծառայության Արմավիրի մարզային կենտրոնի ղեկավարը: Գյուղացիների հետ զրույցն ավարտվեց վիճաբանությամբ, քանի որ պետության տեսակետը հիմնավորող պաշտոնյաները, ըստ գյուղացիների, միայն սանիտարահիգիենիկ պայմանների մասին էին խոսում: Մոռանում էին անասնապահների շահերն էլ հաշվի առնել, եւ այս պահին լավ առաջարկներ ներկայացնելով՝ իրենց ուղղակի փորձում էին հանդարտեցնել:

Սակայն, ըստ անասնապահների, հիմա ներկայացվող պայմանները որոշ ժամանակ անց վատթարանալու են, ծախսերը բազմապատկվելու են՝ զրկելով իրենց ապրուստի միջոցից: Անասնապահներից ոմանք լրագրողների հետ զրույցում պահանջեցին, որ մորթը պարտադիր սպանդանոցում անելու մասին օրենքը հետ կանչվի, եւ գյուղերում նշանակվեն բժիշկներ, որոնք մորթվելուց առաջ ստուգեն կենդանիներին եւ տրամադրեն փաստաթուղթ:

«Էսի չի աշխատելու, մի վախտ հետո 5-րդ ձեւ են ծախելու» (սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ), «Ես մորթ անող եմ, ցանկացած անասուն մորթեմ: Ինչի՞ տանեմ ուրիշին փող տամ, որ մորթեն», «Ճանապարհներին անասունը քաշ ա քցում՝ սոված ա մնում, ստրես ա տանում, վնաս ենք անում», «50-100 անասուն պահողներին սա ձեռ ա տալի, բայց տատի-պապիները, որ հարյուր հազարներով նիսյաներ ունեն, երկու հատ անասուն են պահում, որ էդ նիսյաները տան, հիմի պտի մորթեն, նիսյաները փակելու տեղ, էդ փողերը ձեզ տան»,- ասում էին գյուղացիները:

Ոմանք էլ կարծիք էին հայտնում, որ հնարավոր է սպանդանոցի հետ ունենալ փոխշահավետ պայմանավորվածություն, սակայն խնդրահարույց էին համարում սպանդանոցների փոքր քանակը: Նաեւ թերահավատ էին, որ սպանդանոցների՝ այս պահին առաջարկած պայմաններն ավելի վատն են դառնալու, երբ այս օրենքը գործարկվի, բողոքի ձայնը լռի, եւ կրքերը մի փոքր հանդարտվեն:

Գյուղացիները նշում էին, որ այս ամենն արվում է նրա համար, որ փոքր քանակով անասուն պահողները չկարողանան աշխատեն, խոշոր ձեռնարկատերերն ամեն ինչ վերցնեն իրենց ձեռքը, ոլորտում մենաշնորհ հաստատվի:

Նշենք, որ Սննդի անվտանգության պետական ծառայության տվյալների համաձայն՝ այժմ Հայաստանում գործում է 38 սպանդանոց, եւս 20-ը ներքին հարդարման փուլում են, իսկ 27-ը՝ նախագծման: Մորթի գինը սպանդանոցում 10 հազար դրամ է խոշոր եղջերավոր անասունի համար, 3.5 հազար դրամ՝ մանր եղջերավորի եւ 5 հազար դրամ՝ խոզի համար։ 3 եւ ավելի կենդանու մորթ պատվիրելու պարագայում մինչեւ 30 կմ հեռավորությունից կենդանիների տեղափոխումը սպանդանոց անվճար է։

Հիշեցնենք, որ Կառավարության՝ այս տարվա հունվարի 15-ից ուժի մեջ մտած համապատասխան որոշումն ընդունվել է դեռեւս 2018 թվականի փետրվարի 15-ին, գործարկումը հետաձգվել է գործող սպանդանոցների փոքր քանակի պատճառով: 11 ամիս անց գործարկվելուց հետո էլ այն բուռն դիմադրության հանդիպեց. սկսվեցին բողոքի ակցիաներ թե՛ Կառավարության շենքի մոտ, թե՛ տարբեր համայնքներում, մարզային ճանապարհներին:

Իրենց բողոքի ձայնը Կառավարությանը հասցնելու նպատակով գյուղացիներն այսօր փորձ արեցին փակել նաեւ Արմավիր-Երեւան մայրուղին, սակայն ոստիկանների եւ ցուցարարների հրմշտոցից հետո ճանապարհը բացվեց: Բողոքի ակցիան շարունակվեց ճամփեզրին: Ժամը 16-ի սահմաններում ակցիան ավարտվեց, անասնապահները նշեցին, որ սպասում են մարզպետարանում այս հարցի քննարկման արդյունքում կայացվելիք որոշմանը: Եթե այն իրենց չբավարարի, բողոքի ցույցերը կշարունակեն ոչ միայն ճանապարհներ փակելով, այլեւ «ճանապարհները գիշերով քանդելով»:

Նյութի աղյուրը՝ armtimes.com

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ