«Գողական բառի հետ երեք տառից բաղկացած հասկացություն կա, դրա դեմ պայքարեք». Գևորգ Պետրոսյան

Մենք միշտ էլ դեմ ենք հանցավորությանը, բայց միշտ մի սկզբունք ենք պահում, որ մարդուն պետք է դատել կատարած արարքի համար։ Առանց արարք կատարելու մարդուն դատելը մարդասիրության սկզբունքից չի բխում։ Ազգային ժողովում «օրենքով գողերի» վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Մի քիչ դժվարանում եմ հասկանալ, թե ինչու է կառավարությունն այսօր գերակայություն հռչակել այս պայքարը, որովհետև սա ոչ թե հանցավորության դեմ պայքար է, այլ ինչ-որ անորոշ երևույթների։ Պարոն նախարար ի՞նչ է նշանակում գողական աշխարհ, ո՞վ կարող է դրա սահմանն ընդգծի։ Բայց լավ եք անում, որ պայքարում եք հանցավորության դեմ։ Մենակ մի հուշում՝ էդ գողական բառի հետ էլի երեք տառից բաղկացած հասկացություն կա, լավ կլինի նաև դրա դեմ պայքարեք»,-նշեց Գևորգ Պետրոսյանը։

Խորհրդարանում այժմ քննարկվում է «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց՝ նախագծերի փաթեթով քրեական պատասխանատվություն է առաջարկվում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավվելու համար և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ