Մարդկային ցինիզմը, հիրավի, սահմաններ չունի․39-ամյա երիտասարդի մահը մեր քաղաքականացված զանգվածի համար «հրաշալի» առիթ է

Արամ Աբրահամյանի այսօրվա խմբագրականը.

Մարդկային ցինիզմը, հիրավի, սահմաններ չունի:

39-ամյա երիտասարդի մահը մեր քաղաքականացված զանգվածի համար «հրաշալի» առիթ է նախասիրությունների մասին հայտնելու եւ քարոզչությամբ զբաղվելու: Հարյուրավոր մարդիկ մեկ օրում դարձան դատավորներ, դատախազներ, քննիչներ, քրեագետներ, դատաձգաբաններ:

ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանը հայտնվել է քաղաքական շահարկումների կիզակետում. «պարզվում է», նա ինչ-որ կապ ուներ իշխանության փոխանցման ժամանակ այդ ծառայությունում փաստաթղթերի ոչնչացման հետ, նա ինչ-որ գաղտնիքներ գիտեր ապրիլյան պատերազմի մասին (հավանաբար, ակնարկն այն է, որ դա «պայմանավորված պատերազմ» էր՝ եւս մի ցինիկ քարոզչական բանաձեւ), ուներ «կոմպրոմատներ» եւ այլն: Բնականաբար, հեռու եմ մնում դիլետանտական եւ քարոզչական դատողություններից: Ինձ մեկ այլ խնդիր է հուզում:

Մեր հասարակությունն, իմ կարծիքով, ոչ պատշաճ վերաբերմունք է դրսեւորում պետության եւ նրա անվտանգության հարցում: Նույն ապրիլյան պատերազմի մասին անհեթեթ ենթադրությունները, «գեղամիջի բեսեդկայի» մակարդակի մտավարժանքները բացարձակապես չեն վնասում նախորդ իշխանությանը, չեն բարձրացնում նրա հանդեպ ատելության մակարդակը (որովհետեւ էլ բարձրացնելու տեղ չկա), դրանք վնասում են մեր անվտանգությանն ու պաշտպանունակությանը, որովհետեւ որոշակի ուղերձներ են հղում հակառակորդին:

ԱԱԾ-ի մասին թեթեւսոլիկ խոսակցությունները, այն որպես զուտ ներքին քաղաքական «կոմպրոմատների շտեմարան» կամ քաղաքում «սատանա» հայտնաբերելու օրգան դիտարկելը, իմ կարծիքով, թուլացնում է այդ կարեւորագույն կառույցը, որի հիմնական գործառույթը, հիշեցնեմ, ոչ թե կաշառակերներին բռնելն է, ոչ թե ներկա քաղաքական կոնյունկտուրային համապատասխանելն է, այլ հետախուզությունն ու հակահետախուզությունը:

Արամ Աբրահամյանի այսօրվա խմբագրականը. «Մարդկային ցինիզմը, հիրավի, սահմաններ չունի: 39-ամյա երիտասարդի մահը մեր…

Posted by Aravot on Friday, January 17, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ