Ազգային ժողովում այսօր երկրորդ ընթերցմամբ ներկայացվեց այն նախագիծը, որը ոստիկանությանը թույլ է տալիս ԱԱԾ-ից անկախ իրականացնել հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներ։ Առաջին ընթերցումով այս նախագիծն ընդունվել է՝ չնայած, որ կառավարությունը դեմ է դրան։
Նախագծի համահեղինակը իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն է։ ԱԺ ամբիոնից նա բողոքեց լրագրողների ու ֆեյսբուքյան օգտատերերի բուռն արձագանքից այս նախագծի վերաբերյալ։
«Այն քաղաքացիները, որ չեն մեղադրվում ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների մեջ, նրանց չեն գաղտնալսի կամ հեռախոսային վերահսկողություն չեն իրականացնի»,- ասաց պատգամավոր Փաշինյանը։
Նա նաև վստահեցրեց, որ ոստիկանությունը չի գաղտնալսի նաև այդպիսի հանցագործությունների մեջ մեղադրվողներին, եթե այլ կերպ նրանց գտնելու, բացահայտելու հնարավորություն լինի։