Ի՞նչ կապ ունեն ԱԱԾ-ից կորած թղթապանակները Կուտոյանի մահվան հետ

ՀՀ վարչապետը ցավում է Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ և ցավակցում Կուտոյանների սգակիր ընտանիքին: Նաև երաշխավորում, որ կառավարությունն իր լիազորությունների շրջանակում ամեն ինչ կանի Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները լիարժեք բացահայտելու համար․ երեկ նման հաղորդագրություն է տարածել երկրի ղեկավարի գրասենյակը։ Անտարակույս, գործող իշխանության պատվի խնդիրն է այս առեղծվածային մահվան հանգամանքները պարզաբանելը։

Համենայն դեպս, առաջին տպավորությունն այն է, որ զարգացվում է ինքնասպանության վարկածը, ընդ որում՝ ՔԿ-ի պնդումները հուշում են, որ Գեորգի Կուտոյանը նման ցանկություն ունեցել է դեռ դեկտեմբերի վերջին։ Մյուս կողմից՝ տպավորություն է ստեղծվում, որ կարևոր մի հանգամանք, չբացահայտված մի գործոն ակնհայտորեն ճնշել է ԱԱԾ նախկին տնօրենին, այլ խոսքով՝ եթե նույնիսկ ընդունենք, որ ինքնասպանության վարկածը ճիշտ է, ապա կարծիք է ձևավորվում, որ ինչ-որ մարդիկ կամ հանգամանքներ ստիպել են, որպեսզի Գեորգի Կուտոյանը մտածի ծայրահեղ այդ քայլի մասին։

Վարկածները կարող են տարբեր լինել, ի վերջո՝ Կուտոյանը պաշտոն է զբաղեցրել մի իշխանության մեջ, որը հայտնի է իր կրիմինալ բնույթով։ Սակայն այսօր ձեռնպահ կմնանք վարկածներից, ենթադրություններից, կարծիքներից՝ շահարկումներից խուսափելու, զգայական տեսակետներ չարտահայտելու համար։

Միայն հիշեցնեմ, որ ամիսներ առաջ ամենաբարձր մակարդակով հայտարարվեց, որ ԱԱԾ-ում հեղափոխությունից հետո Մարտի 1-ի իրադարձություններին վերաբերող փաստաթղթեր են ոչնչացվել։ Ավելի ուշ, Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ ոչնչացված փաստաթղթերի մեծ մասը վերականգնվել է։ Արդյո՞ք Կուտոյանին «հիշել» են այս դրվագով, ի՞նչ կապ ունեն ԱԱԾ-ից կորած թղթապանակները Կուտոյանի մահվան հետ։

Նյութի աղբյուր՝ Առաջին Լրատվական

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ