Մուշեղիկ․ Ցեղասպանությունը մեկ հայի աչքով

Մեծ եղեռնի դեպքում առանձին պատմությունների կարևորությունը հասկանալու համար, մենք դիտարկում ենք ցեղասպանությունը վերապրած երեխայի` Մուշեղիկի պատմությունը: Երեխա, ով փրկվել է ցեղասպանությունից` սակայն ամբողջ կյանքում կրել է դրա բոլոր սարսափները և ողբերգականությունը:

Ո՞վ էր Մուշեղիկը:

Մուշեղիկը ծնվել է 1907/08 թվականին Վանի նահանգի Վանի գավառի Դիզա գյուղում, 13 հոգանոց ընտանիքում: Փրկվել են միայն ինքը և մայրը` Բեյազ Բադալյանը: Մուշեղիկի հայրը և նրա երեք հորեղբայրները 1914թ. զորահավաքից հետո որպես ամելե-թաբուրի (աշխատանքային գումարտակի զինվորներ) սպանվեցին Բաշկալեի ճանապարհին: 1915թ. գարնանը Խալիլ բեյի հրամանով Դիզա գյուղից թուրք զինվորականները հավաքում են 5-10 տարեկան տղա երեխաների և դաժանաբար սպանում գյուղի հարևանությամբ գտնվող աղբանոցում: Մուշեղիկի մայրն իր երկու որդիներին՝ Սմբատին և Մուշեղին, մահից փրկելու խնդրանքով դիմում է իրենց ընտանիքի վաղեմի ծանոթ թուրք պաշտոնյային (յուզբաշի): Նա համաձայնում է միջնորդել Խալիլ բեյին երեխաների փրկության համար՝ կրոնափոխության առաջարկն ընդունելու դիմաց: Այդ նույն ժամանակ մի քուրդ, լսելով Բեյազի որդու՝ Մուշեղիկի հայկական անունը, նրա ձեռքերը դաժանաբար գամում է փայտին:

1915 թ. Վանի տասնյակհազարավոր հայ գաղթականների մեջ էին նաև մահից մազապուրծ Բեյազն իր երեք երեխաների՝ Սմբատի, Մուշեղի և Արեգնազի հետ: Գաղթի ճանապարհին` Սալմաստում, մեռնում է փոքրիկ Սմբատը: Բաքվում ընտանիքը հաստատվելուց կարճ ժամանակ անց մեռնում է նաև Արեգնազանը:

Մեծ եղեռնի սարսափները՝ որպես չսպիացող վերքեր, ողջ կյանքում ուղեկցել են Մուշեղիկին` ամեն վայրկյան հիշեցնելով իր մանկության դաժան օրերն ու ապրած զարհուրելի պահերը: Մուշեղիկի կրած անմարդկային «պատժի» ապացույցներն երևում են նույնիսկ դեպքից մեկ տարի անց արված լուսանկարում, որտեղ նա ի ցույց է դրել իր ձեռքերը՝ սպիացած վերքերով:

Հայոց ցեղասպանությունը վերապրած այս երեխայի պատմությունը և այդ պատմության մատուցելը իրազեկում է ցեղասպանության սարսափների ու մեր կորուստների մասին: Բայց մյուս կողմից այս փոքրիկ պատմությունը խորհրդանշում է նաև հայ ժողովրդի վերածնունդը և ապրելու մեծ ուժը: Անշուշտ այս դիտարկումը մենք կատարել ենք բացառապես թանգարանի` որպես ցեղասպանության մասին պատմող և կրթող հաստատության գործառույթների տեսանկյունից: Սակայն դա էլ բավարար է հասկանալու առանձին ճակատագրերի պատմությունների հանրայնացման կարևորությունը: Այսինքն՝ ցեղասպանությունը վերապրած մեկ հայի անձնական պատմությունը շատ հաճախ կարող է դառնալ Հայոց ցեղասպանության ամբողջ պատմությունը ներկայացնելու լավագույն տարբերակներից

ՀՑԹԻ գիտաշխատող

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ