Համաշխարհային հանրությունը 2020-ին և դրան հաջորդող տասնամյակների ընթացքում կարող է բախվել ավելի ուժեղ եղանակային ծայրահեղությունների, քան նախկինում: Այս մասին Ժնևում հայտարարել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության գլխավոր քարտուղար Պետերի Թաալասը, գրում է mamul.am-ը՝ հղում կատարելով ТАСС գործակալությանը։ Ըստ Թաալասի` եթե միջոցներ չձեռնարկվեն ջերմոցային գազերի արտանետումները սահմանափակելու համար, ապա մինչև այս դարի վերջ ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով:
Նա ուշադրություն է հրավիրել Ավստրալիայի մասշտաբային անտառային հրդեհների վրա, քանի որ անցած տարին բոլոր ժամանակների օդերևութաբանական դիտարկումների ամենաթեժ և չորն է եղել:
«Ցավոք, մենք ակնկալում ենք տեսնել շատ ավելի ծայրահեղ եղանակային դրսևորումներ 2020-ին և հաջորդ տասնամյակների ընթացքում»,- հայտարարել է Թաալասը՝ հիշեցնելով մթնոլորտում ջերմություն պահող ջերմոցային գազերի ռեկորդային մակարդակը: