Կուտոյանի մահը չի կարող ինքնասպանություն լինել․․․նա ինֆորմացիայի կենդանի կրող էր

ԱԱԾ նախկին տնօրեն, Արդարադատության առաջին դասի խորհրդական Գեորգի Կուտոյանի մահը, ինչպես նախորդող այլ նախկին պաշտոնյաների մահվան դեպքերը, բազմաթիվ հարցեր առաջ բերեցին. ինչո՞ւ պետք է ինքնասպանություն գործելու ցանկություն ունենար ընդամենը 38 տարեկան, հաջողակ կարիերա ունեցող տղամարդը՝ մանավանդ որ նա մանկահասակ երեխայի հայր էր, ո՞վ պետք է ցանկանար սպանել նրան, ինչո՞ւ…

ՀՔԾ-ից եւ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ Կուտոյանը իրենց մոտ քննվող որեւէ քրեական գործով չէր անցնում, որեւէ կարգավիճակ չուներ, նրա անունը չէր կապվում որեւէ կոռուպցիոն սկանդալի հետ։ Կուտոյանը պաշտոնավարել է մինչեւ 2018-ի հեղափոխությունը. նրա անվան հետ կապված խնդրահարույց իրողություններից մեկը ՊՊԾ գնդի գրավումն էր եւ նախորդ իշխանության հեռանալուց առաջ ԱԱԾ-ից անհետացած փաստաթղթերը, որոնց մասին 2019-ի մայիսի 8-ին ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Դրանց մեծ մասը, որոնք, ըստ նրան իր պաշտոնում փոխարինած Արթուր Վանեցյանի, վերաբերում էին Մարտի 1-ի դեպքերին, հետագայում վերականգնվել էին եւ միացվել Մարտի 1-ի գործի քննությանը։

Իսկ ընդհանրապես, վերջին ամիսներին տարբեր հանգամանքներում մահացել են նախկին իշխանության օրոք տարբեր պաշտոններ զբաղեցրած մի քանի անձինք, որոնց մահվան հանգամանքների հետ կապված հարցականները եւս քիչ չեն։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ՝ 2019-ի սեպտեմբերին իր տանը հայտնաբերվեց ՀՀ նախկին ոստիկանպետ Հայկ Հարությունյանի դին, նոյեմբերին ՌԴ-ում գարեջրի գործարանի պայթյունի հետեւանքով (ըստ ռուսական ԶԼՄ-ների) մահացավ Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը։ Արդյո՞ք այս դեպքեը կարող են փոխկապակցված լինել․ մեր այս հարցին ի պատասխան քաղաքագետ Լեւոն Շիրինյանն ասաց․

«Հայաստան պետությանն ու ժողովրդին ձեռնտու չեն նման դեպքերը։ Իշխանությունը թուլություն է դրսեւորում։ Պետք  է սթափվել եւ ավտորիտար բնավորություն ցույց տալ։ Քաղաքագիտության մեջ դասական բանաձեւ կա. դեմոկրատական ընթացակարգով դեմոկրատիա չի հաստատվում, պետք է ավտորիտար մոտեցում։ Ձեռքդ սեղանին ես խփում ու հարցը լուծում ես, ինչպես աշխարհի ցանկացած երկրում։ Սերժի ստեղծած օրենքներով ուզում ես Սերժի հարցը լուծե՞ս»,- ասաց նա։

Ըստ քաղաքագետի՝ չնայած Կուտոյանի մահվան առթիվ հարուցված քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հոդվածով, սակայն նրա մահը ինքնասպանություն չի կարող լինել։ «Նա ԱԱԾ-ի տնօրեն է եղել,  բավականին կամային հատկանիշներ կունենա։ Կրթություն ստացած, հասկացող մարդ էր, ես չեմ հավատում»։ Հարցին, թե այդ դեպքում ո՞ւմ էր ձեռնտու նրա մահը՝ Շիրինյանը պատասխանեց. «Հայաստանը ցնցող երեք խնդիր կա՝ Հոկտեմբերի 27-ը, ապրիլյան պատերազմը, որով հետաքննություն է գնում եւ Մարտի 1-ը։ Կոռուպցիայի հարցով չեմ հավատում, որ նա խնդիրների մեջ լիներ, էդ երեք հարցերից մեկի մեջ է իր հարցը, ինքը ինֆորմացիայի կենդանի կրող էր»։

Նյութի աղբյուր՝ armtimes.com

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ