Ես որպես Գեւորգ Կոստանյան, պահանջատեր եմ լինելու այս գործի ամբողջական եւ սպառիչ բացահայտմանը․․․


«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ողբերգական ու անհասկանալի պայմաններում մահվան լուրը կայծակնային արագությամբ տարածվեց համացանցում։ Նույն արագությամբ էլ սկսեցին վարկածներ շրջանառվել՝ ինքնասպանությո՞ւն էր, թե՞ սպանություն, ո՞ւմ էր ձեռնտու Սերժ Սարգսյանի կողմից 2016 թ․ ԱԱԾ տնօրեն նշանակված ու հեղափոխությունից հետո պաշտոնից զրկված Կուտոյանի մահը։

Նրա դին հայտնաբերել են Պարույր Սեւակի փողոցի շենքերից մեկում գտնվող իր բնակարանում, կողքին եղել են կոնյակի դատարկ շիշ եւ անձնական զենքը։ Նախնական տեղեկությամբ՝ կրակոցն արձակվել է հենց այդ զենքից եւ կրակվել է, սկզբում ասացին՝ բերանի խոռոչից, ապա պարզվեց՝ քունքին։ Այսինքն՝ շատ նման է ինքնասպանության։ Մյուս կողմից՝ պատերի վրա հայտնաբերվել են կրակոցի հետքեր, իսկ բնակարանում էլ՝ տասնյակ պարկուճներ, ինչից ենթադրություններ արվեցին, որ կատարվածը սպանություն է։

Թե ինչ է եղել իրականում, ցույց կտա քննությունը, եթե, իհարկե, կամք դրսեւորվի՝ ճշմարտությունը բացահայտելու։

Կուտոյանի մահվան թեմայով մենք երեկ զրուցեցինք ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ, որն այս պահին երկրում չէ՝ Մոսկվայում է, եւ գտնվում է հետախուզման մեջ։ Կոստանյանը Կուտոյանի հետ մտերիմ հարաբերություններ է ունեցել։ Ժամանակին ինքը, Գեորգի Կուտոյանը եւ Գեւորգ Մհերյանը եղել են Սերժ Սարգսյանի օգնականները։ Հետաքրքիր զուգադիպությամբ՝ Սերժ Սարգսյանի այս երեք օգնականներից միայն Կոստանյանն է այսօր ողջ․ 2009-ին Մհերյանը սպանվեց իր տան շքամուտքում, երեկ էլ Կուտոյանի կինը ամուսնուն հայտնաբերեց մահացած, իրենց բնակարանում։

«Ես խորապես վշտացած եմ, որովհետեւ մենք միայն մտերիմներ չէինք, մենք ընկերներ էինք եւ մենք շատ երկար տարիներ էինք ընկերություն անում։ Ես ապշահար վիճակում եմ եղել ամբողջ օրվա ընթացքում, որովհետեւ Կուտոյան Գեորգիին ես միշտ համարել եմ ու համարում եմ մեր երկրի լավագույն իրավաբաններից մեկը, նա շատ լավ գիտնական էր, լրջագույն պետական այր եւ պետական գործիչ»,- ասաց Գեւորգ Կոստանյանը։

Պարոն Կոստանյան, արդեն իսկ տարբեր վարկածներ են առաջ քաշվում՝ արդյոք ինքնասպանությո՞ւն էր սա, թե՞ սպանություն, Դուք՝ որպես իրավաբան, ի՞նչ կարող եք ասել։

Նախ քննության տվյալներին, բնականաբար, ես այս պահին դեռեւս չեմ տիրապետում, բայց համոզված եմ, որ նախաքննությունը պետք է ստուգի բոլոր հնարավոր վարկածները՝ անկախ քաղաքական նպատակահարմարության հանգամանքից՝ սպանությո՞ւն էր, ինքնասպանությո՞ւն էր, թե՞ ինքնասպանության հասցնել էր, կամ այլ վարկած կա գուցե։ Եվ գաղափարն այն է, որ նախաքննության մարմինը ոչ միայն պետք է հիմնավորի կոնկրետ վարկածը, այլեւ պետք է հիմնավոր եւ սպառիչ ձեւով հերքի բոլոր հնարավոր այլ վարկածները։

Ըստ տեղեկությունների՝ նրա դիակի կողքը հայտնաբերվել է կոնյակի շիշ, որը, ենթադրաբար, դատարկ է եղել, նաեւ իր անձնական օգտագործման զենքը, որից արձակվել է կրակոցը։ Բացի այդ, արդեն պաշտոնապես հայտարարվել է, որ պատերի վրա եղել են կրակոցների հետքեր, եւ հայտնաբերվել են մի քանի տասնյակ պարկուճներ։ Ըստ Ձեզ՝ մի քանի կրակոցի ու պարկուճի առկայության դեպքում հնարավո՞ր է ինքնասպանության վարկածը։

— Նախ հնարավոր է ցանկացած վարկած, եւ այդ բոլոր վարկածները պետք է ստուգվեն, ինչպես նաեւ պետք է ստուգվեն դեպքի վայրում հայտնաբերված պարկուճները՝ արդյոք դրանք նույն հրազենի՞ց արձակված պարկուճներ են, թե՞ այլ զենքի պարկուճներ են։ Այդ ամենի սպառիչ պատասխանը, ես համոզված եմ, որ քննությունը պետք է տա եւ տալու է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ