Հնչել է 30-40 կրակոց․ Կուտոյանի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 110 հոդվածի 1-ին մասով` ինքնասպանության հասցնելու հատկանիշներով:  Այս մասին ասաց ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը:

«Դեպքի վայրում հայտնաբերվել է Գեորգի Կուտոյանի դին` հրազենային վնասվածքով: Դեպքի վայրում հայտնաբերվել է «Glock» տեսակի ատրճանակ: Տեղում պարզել ենք, որ զենքը օրինական է: Կուտոյանը զենքը ստացել է Վրաստանի անվտանգության ղեկավարի կողմից՝ պարգևատրման կարգով: Կան բազմաթիվ պարկուճներ և գնդակներ սենյակում, որտեղ դին հայտնաբերվել է: Դեպքի վայրում կնոջ և հոր մասնակցությամբ գործողություններ են կատարվում, որևէ այլ անձ չի եղել դեպքի վայրում, բացի քրեագետներից և այլ մասնագետներից»,- ասաց նա:

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի խոսքով` այս պահին եղած տվյալներով հարուցում են քրեական գործ 110 հոդվածի 1-ին մասով, բայց բազմաթիվ վարկածներ են առաջ քաշվելու:

«Կարող է լինել սպանություն, սպանություն՝ քողարկված ինքնասպանությամբ և այլն: Հետագայում համալիր փորձաքննություններով և մի շարք քննչական գործողությունների արդյունքում պարզ կլինի, թե ինչ է տեղի ունենում:  Տեսանկարահանող սարքերի մի շարք զննություններ է արվել, տեսաձայնագրությունները արդեն առգրավման գործընթացում են»,- հավելեց Մելիքյանը:

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետը հայտնեց, որ Կուտոյանը հրազենային վնասվածք ունի քունքի շրջանում:

«Դատաբժշկական փորձաքննությամբ վաղը արդեն ավելի ստույգ կպարզենք մարմնական վնասվածքների քանակը, ծագումը, բնույթը»,- ասաց Մելիքյանը:

Հարցին` արդյոք գնդակները միայն Կուտոյանի զենքից են արձակվել, Մելիքյանը պատասխանեց, որ դա միայն պարզ կլինի դատաձգաբանական փորձաքննությունից հետո:

«Փորձաքննությամբ կպարզենք նաև Կուտոյանի արյան մեջ ալկոհոլ կա՞ր, թե՞ ոչ»,- եզրափակեց Մելիքյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ