Արմեն Սարգսյանի անակնկալը Գագիկ Ծառուկյանին

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, որ աշխատանքային այցով գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում, հանդիպել է ALNOWAIS Investments ընկերության հիմնադիր անդամ և նախագահ, ROTANA HOTEL MANAGEMENT CORPORATION-ի նախագահ Նասսեր Ալ Նովեյսի հետ: Ընկերությունը գործունեություն է ծավալում հյուրանոցային բիզնեսի, անշարժ գույքի, ենթակառուցվածքների, էներգետիկայի, այդ թվում՝ վերականգնվող էներգետիկայի բնագավառում:

Նախագահ Սարգսյանի հանդիպումը նրա աշխատանքային օրակարգի համար դարձել է միանգամայն սովորական, նա պարբերաբար հանդիպումներ է ունենում տարբեր տնտեսական խոշոր դերակատարների հետ և քննարկում Հայաստանում նրանց գործունեության հեռանկարներ:

Տվյալ պարագայում, սակայն, հանդիպումն ունի հատկանշական երանգ, և այն պայմանավորված է ամիսներ առաջ Հայաստանում բռնկված ներքաղաքական կամ ավելի շուտ գուցե մեդիաքաղաքական սկանդալով՝ կապված ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունների հետ:

Խոսքը Երևանի քաղաքապետարան «Աբու Դաբիի գահաժառանգի» ներկայացուցիչների այցի մասին հայտարարության, դրա շուրջ առաջացած աղմուկի մասին է: Գագիկ Ծառուկյանը մեղադրանք էր հնչեցրել, որ քաղաքապետարանում ներդրողների հանդեպ վատ վերաբերմունքը չեղարկել է Հայաստանում մեծ ներդրում անելու նրանց մտադրությունը: Հետո իհարկե պարզվեց, որ Հայաստան է եկել ոչ թե Աբու Դաբիի գահաժառանգի, այլ թագավորի մյուս որդու ներկայացուցիչը: Պարզվեցին էլի մանրամասներ, այդ թվում և այն, որ քաղաքապետարան այցելել են Գագիկ Ծառուկյանի բիզնեսներից մեկի արաբ փայատերերը:

Այդ սկանդալում շոշափվում էր նաև այն, որ Երևանի քաղաքապետարան այցելած ներդրողների թվում նշվում էր հենց համաշխարհային հայտնի ROTANA հյուրանոցային ցանցի ներկայացուցչի լինելու մասին, որոնք մտադիր էին քննարկել Երևանում հյուրանոց կառուցելու հարցը:

Ահա այդ ֆոնին Աբու Դաբիում Արմեն Սարգսյանի հանդիպումը ALNOWAIS Investments ընկերության հիմնադիր անդամ և նախագահ, ROTANA HOTEL MANAGEMENT CORPORATION-ի նախագահ Նասսեր Ալ Նովեյսի հետ իր մեջ կարող է պարունակել յուրօրինակ անակնկալ ԲՀԿ նախագահ Ծառուկյանի համար, եթե իհարկե ունենա առարկայական շարունակություն Հայաստանում ներդրումային հեռանկարի իմաստով:

Այստեղ, իհարկե, գնդակն արդեն կհայտնվի կառավարության դաշտում, եթե նախագահ Սարգսյանն ու խոշոր ընկերության սեփականատերը ձեռք բերեն նախնական պայմանավորվածություն Հայաստանի վերաբերյալ ծրագրերի առնչությամբ:

Նյութի աղբյուր՝  Առաջին Լրատվական

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ