«Երկրի գործող ղեկավարի հարցաքննությունը դարակազմիկ իրադարձություն էր». Հրաչյա Հակոբյան

««Հայկական ժամանակի» հայտնի հոդվածից տպավորություն ունեմ, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պատրաստվել է պետական հեղաշրջման: Չեմ կարծում, թե դա առանց հիմքերի և զուտ քաղաքական նպատակահարմարությամբ գրված հոդված էր, վստահ եմ՝ խմբագրությունն ունի այդ փաստերը»,- «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

«Արթուր Վանեցյանն այնպիսի պաշտոն էր զբաղեցնում, որ շատ դժվար կլիներ նրա ծրագրերը բացահայտել: Չգիտեմ, թե որքան է տևել Վանեցյանին վերագրվող այդ գործընթացը՝ Աննա Հակոբյանի և Մարիամ Փաշինյանի դեմ սև քարոզչությունը: Եթե նա որևէ անհամաձայնություն ուներ վարչապետի հետ, չպետք է նրա ընտանիքի անդամներին փորձեր ներգրավել»,- ասել է Հակոբյանը:

Ըստ իմքայլական պատգամավորի՝ հոդվածի փաստական հիմքերը մի օր կհրապարակվեն. «Կարծում եմ՝ իրավապահները հիմա աշխատում են: Կարող է՝ նրանք հիմա նպատակահարմար չեն գտնում հայտարարություն տարածել: Ես չեմ կարող ասել՝ իրավական գործընթաց կհաջորդի՞, թե՞ ոչ»:

Հակոբյանի կարծիքով՝ դատական համակարգում լրջագույն խնդիրներ կան, առկա է ճգնաժամ. «Չեմ հետևել Մանվել Գրիգորյանի դատավարությանը, չգիտեմ, թե ինչու է դատարանը կալանքից նրան ազատ արձակել: Նա ողջ-առողջ է, չեմ ցանկանում մտածել` նա որտեղ կմահանա՝ բանտում, թե տանը: Միգուցե իշխանությունը որոշում է կայացրել նրան ազատ արձակել, որ արտասահմանում բուժում ստանա»:

Պատգամավորի պնդմամբ՝ Մանվել Գրիգորյանի գործը քաղաքական պատվեր չէ, և առհասարակ՝ այսօր ՀՀ-ում որևէ մեկը քաղաքական հետապնդման չի ենթարկվում, որևէ մեկը քաղաքական պատվերով չի հայտնվում ճաղերի հետևում. «Դատական համակարգն այսօր հիվանդ է, բայց այն օրենսդիր և գործադիր իշխանությունից անկախ է: Հայտնի գաղտնալսումներում էլ միգուցե ԱԱԾ տնօրենն ու վարչապետն ընկերաբար խոսում են, երբ ասում է՝ ուզես-չուզես, կալանքը պիտի տաս»:

Հրաչյա Հակոբյանի կարծիքով՝ դարակազմիկ իրադարձություն էր, երբ երկրի գործող ղեկավարը քննչականում հարցաքննվեց: «Մենք աննախադեպ լինելու մոլուցք չունենք: Առաջինը լինելու ձգտումը վատ բան չէ: Եթե անգամ առաջինը լինելու «մոլուցք» ունենք, ապա դա արվում է Հայաստանի համար: Թող ամեն իշխանություն նման «մոլուցք» ունենա»,- ասել է Հակոբյանը:

Հակոբյանի դիտարկմամբ՝ կարևոր չէ, թե ինչու վարչապետը չի շնորհավորել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան 75-ամյակը: «Ամեն դեպքում, վարչապետը բացառիկության բարդույթով չի տառապում: Մենք չենք փորձում խաչ քաշել անցածի վրա»,- ամփոփել է իմքայլական պատգամավորը:

Նյութի աղբյուր՝ tert.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ