Թեժ իրավիճակ՝ Վարդենիսում. մարդիկ ցանկացել են փակել ճանապարհը

Ծննդատների փակման թեման վերջին օրերին թեժ քննարկումների և հանրային զանգվածային հուզումների մեծ ալիք է բարձրացրել հանրապետությունում:

Մարալիկի, Եղվարդի, Աչաջուրի ծննդատների հնարավոր փակման մասին լուրերը երկիմաստ մեկնաբանություններ ունեցան ինչպես քաղաքական, պետական, այնպես էլ հասարակական շրջանակներում: ՀՀ առողջապահության նախարարը ևս անդրադարձավ խնդրո առարկային և վերոնշյալ համայնքների շարքին հավելեց Վարդենիսի և Թալինի ծննդատների հնարավոր լուծարումը:

Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի հիվանդանոցի (միակ ծննդատունը հենց այս հաստատությունում է- խմբ.) փակման մասին լուրերը լուրջ դժգոհությամբ են ընդունել քաղաքի ու հարակից գյուղերի բնակիչները, որոնք հայտարարել են դեպի Երևան տանող ճանապարհը փակելու մասին:

Ավելի ուշ նրանց հետ հանդիպել է Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը, որը մեզ հետ զրույցում մանրամասնեց, որ բավականին թեժ խոսակցություն է ընթացել քաղաքացիների հետ: Քաղաքապետը նշեց, որ մինչև մարդկանց հանդիպելը ինքը հարցազրույց է տվել և բացասական է արտահայտվել հիվանդանոցի լուծարման առնչությամբ:

«Ճիշտն ասած, ես մի վրիպում թույլ տվեցի. նախքան մարզպետի հետ խորհրդակցելը, հարցազրույցում նշեցի հիվանդանոցի հնարավոր փակման ու դրա անդառնալի հետևանքների մասին: Հենց դա էլ բորբոքեց հանրային տրամադրությունները, և մարդիկ բողոքի ձայն բարձրացրեցին:

Ավելի ուշ, ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ի պատասխան իմ մտահոգության՝ հավաստիացրեց, որ նման բան չկա, և որ հիվանդանոցն ու ծննդատունը չեն փակվելու»,- ընդգծեց Արամ Մելքոնյանը:

Նրա խոսքով, ինքն ի վերջո համոզել է վարդենիսցիներին չփակել ճանապարհը, ինչից հետո կրքերը համեմատաբար հանդարտվել են:

Նյութի աղբյուր՝ Araratnews.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ