Շիրակի մարզի 45 համայնք կարկտահարության վնասների փոխհատուցում կստանա

Կառավարությունը փոխհատուցում է 2019 թվականի կարկտահարությունների հետևանքով տուժած գյուղացիների վնասը: Շիրակի մարզի 45 համայնքներում փոխհատուցման ընդհանուր չափը կազմում է 240 մլն դրամ: Կառավարությունը չափանիշներ է սահմանել: Դրանցից առաջինն այն է, որ հատուցվում է այն գյուղացիների վնասը, որոնց ցանքերը կարկտահարվել են 50 և ավելի տոկոսով, ինչի հետևանքով Շիրակի մարզում 2000 հեկտարից ավելի տարածքներ փոխհատուցման ենթակա չեն: Հատուցման հաշվարկները կատարվել են ըստ հողատարածքի չափի, բերքատվության և կրած վնասի:

Ընդհանուր առմամբ վնասները մեծ են, փոխհատուցումը` ոչ համարժեք:

2019թ. հունիս, հուլիս ու օգոստոս ամիսներին Շիրակի մարզում մի քանի անգամ կարկտահարություն եղավ, դրանցից 8-ը խոշոր կարկտահարություն էր, դրանից տուժեցին բոլոր համայնքները, իսկ վնասները վերջին 20 տարիների ընթացքում ամենամեծն էին: 9555 հեկտար ցանքեր են կարկտահարվել, իսկ վնասի ընդհանուր չափը կազմում է չորսուկես մլրդ դրամ: Միայն 7000 հեկտարը հացահատիկի ցանքն է, որտեղ բերքը վերականգնել հնարավոր չի եղել: Ըստ այդմ էլ՝ կառավարությունը փոխհատուցման ամենամեծ չափը սահմանել է հացահատիկի դեպքում:

Առափիի բնակիչ Վաչագան Սարգսյանը տնամերձ այգի ունի՝ 116 պտղատու ծառերով: Կարկուտը բերքը 80 տոկոսով վնասել է, բայց փոխհատուցման հաշվարկը նրա համար պարզ չէ. ինչպե՞ս է ստացվել, որ 2000 մետր տնամերձի համար ընդամենը 9000 դրամ է ստացել:

Թե ով որքան է տուժել, այս հաշվարկը ամեն կարկտահարությունից հետո կատարել են համայնքային հանձնաժողովները: Վնասի չափը ներկայացրել են մարզպետարան, որտեղ, ըստ գյուղվարչության պետի, առանց որևէ թիվ փոխելու, ուղարկել են կառավարություն:

Համայնքային հանձնաժողովների հաշվարկներով համեմատաբար ավելին է կարտոֆիլի ցանքերի փոխհատուցումը, սակայն էլի փոքր է վնասների համեմատ: Քիչ փոխհատուցման պատճառը, ստացվում է, որ կառավարության սահմանած տոկոսներն են: Հաշվարկի համար հաշվի են առել կարկտահարված տարածքը, վերջին 3 տարվա բերքատվությունը, տվյալ մթերքի շուկայական գինը:

Ու էլի ստացվել է, որ փոխհատուցում ասվածը վնասներին համարժեք չէ, որովհետև Շիրակի մարզում 2019-ին կարկտահարված բերքի ու ցանքերի ծավալը շատ մեծ էր: Փոխհատուցման գործընթացը բոլոր գյուղերում սկսված է: Կոնկրետ վերջնաժամկետներ սահմանված չեն:

Անկախ չափից, փոխհատուցումներից հրաժարվողներ դեռ չեն եղել: Շիրակի մարզի 7 համայնքներ ավելի մեծ գումարներ կարկտահարության դիմաց ստացել են Կարմիր խաչից: Այս ընկերությունը համայնքների ընտրությունն ու փոխհատուցման չափորոշիչները ինքն է սահմանել:

Նյութի աղբյուր՝ shantnews.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ