Արտաշատում հնագետները պեղել են 114-117թթ. կամուրջ-ջրատար՝ ակվեդուկ

Հայաստանում հայ-գերմանական համատեղ ծրագրի շրջանակում Արտաշատում հնագետները հայտնաբերել են կամուրջ-ջրատար (ակվեդուկ): Այն թվագրվում է մեր թվարկության 114-117 թվականներով: ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանն «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ այն հսկայական ջրամատակարարման կառույց է:

«Այդ ակվեդուկի հիմքերն ենք բացել: Մեկ կմ տարածքի վրա ակվեդուկի 20 հիմք է բացվել: Մեր լեգենդար մայրաքաղաք Արտաշատը, որը մի քանի կառույցներով էր ներկայացված, վերջին 10-15 տարիներին պեղումներով ցույց է տալիս, որ մենք արքայանիստ շատ լուրջ քաղաքի հետ գործ ունենք»,-ասաց Պավել Ավետիսյանը:

Նա տեղեկացրեց, որ 2020 թվականին այդ ուղղությամբ աշխատանքներն ակտիվորեն շարունակելու են՝ հասկանալու, թե ինչ է պահպանվել և ինչ կարելի է վերհանել: Հետազոտություններով մասնագետները կարողացել պարզել, որ Արտաշատի հարևանությամբ՝ դեպի Խոր վիրապ ճանապարհի մոտ, սեփականաշնորհված հողատարածքներում արձանագրել են մի քանի հսկայական պալատական շինություններ, որոնց հիմքերը պահպանվել են:

Այս ուղղությամբ ևս կոնկրետ աշխատանքներ են կատարվելու: Այդ աշխատանքները հնարավորություն կտան հանրությանը Արտաշատը նորովի ներկայացնելու:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ