«Ստյոպա Սաֆարյանին միայն հաջողություններ եմ մաղթում». Կոմանդոսը կդադարեցնի անդամակցությունը ՀԽ-ին

Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) առաջիկայում պատրաստվում է դադարեցնել իր անդամակցությունը Հանրային խորհրդին։

«Ես այդ կառույցի գործունեությունը, անկեղծ ասած, չեմ հասկանում։ Օրինակ՝ ես ընդգրկված եմ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերով հանձնաժողովում և պետք է կոնկրետ բանակին առնչվող հարցերով զբաղվեի. աշխարհում չկա մի այնպիսի բանակ, որ թերություններ չունենա՝ այդ թվում նաև մերը, սակայն ես շատ լավ հասկանում եմ, որ դրանց մասին անընդհատ խոսելով՝ մեր թշնամուն ավելի շատ օգուտ կտանք, քան ինքներս մեզ։ Մեր բանակի խնդիրները լուծելու ուրիշ ձևեր կան, հետևաբար ես իմ հետագա անելիքներն այդ կառույցում այլևս չեմ պատկերացնում և դրա համար էլ առաջիկայում պատրաստվում եմ դիմում գրել ու դուրս գալ այդտեղից։ Ոմանք ինձ կապում են Վազգեն Մանուկյանի հետ, ոմանք ինձ կապում են նախկին իշխանությունների հետ, որոշներն էլ՝ ներկայիս իշխանությունների հետ, սակայն կխնդրեմ, որ ինձ ոչ մեկի հետ չասոցացնեն, ես բոլորի հետ նորմալ հարաբերությունների մեջ եմ ու բոլորին էլ շատ հարգում եմ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արկադի Տեր-Թադևոսյանը։

Վերջինիս հարցրինք՝ վիրավորվա՞ծ եք ինչ-որ բանից, եղե՞լ է դեպք, որ Հանրային խորհրդում բանակի հետ կապված Ձեր խորհուրդներն ու առաջարկները չընդունվեն, կամ որևէ միջադե՞պ է տեղի ունեցել, որի պատճառով այլևս չեք ցանկանում շարունակել Ձեր անդամակցությունը: «Ոչ-ոչ, ոչ մի նման բան չի եղել։ Հայաստանում շատ վատ «հոբբի» է՝ դիմացինին նեղացնել, մեկը մյուսին վիրավորել, վատություն անել, ու շատերն են փորձել տարբեր առիթներով ինձ վշտացնել, բայց կոնկրետ Հանրային խորհրդում նման բան չի եղել։

Ես վարչապետի առաջարկով Հանրային խորհրդի անդամ եմ նշանակվել 2018թ.-ից ու միշտ գնացել, խորհրդի նիստերին մասնակցել եմ, այնտեղ շատ լավ հարցեր են քննարկում, բայց ես իմ տեղն այնտեղ չեմ գտնում. եկել եմ ներքին համոզման, որ ինքս ոչ մի անելիք չունեմ այնտեղ ու դրա համար էլ 2019թ.-ի ապրիլ ամսից արդեն ոչ մի խորհրդակցության չեմ մասնակցում, նիստերին չեմ հաճախում՝ ուրիշ բազմաթիվ գործեր ունեմ, շատ զբաղված եմ, ու ո՛չ ժամանակ կա գնալու, ոչ էլ ցանկություն, իմ կարիքն այնտեղ չկա»,- պատասխանեց նա։

Գեներալից հետաքրքրվեցինք նաև՝ ինչպե՞ս են իր հարաբերությունները Հանրային խորհրդի նորանշանակ նախագահ Ստեփան Սաֆարյանի հետ, հնարավո՞ր է վերանայի խորհրդից դուրս գալու իր որոշումն ու շարունակի համագործակցել Սաֆարյանի հետ։ Արկադի Տեր-Թադևոսյանն արձագանքեց. «Դա բավականին լուրջ կազմակերպություն է, սակայն այսքան ժամանակ ոչ մի լուրջ քայլ չի կարողացել անել և ոչ մի պրոբլեմ չի լուծել։

Թող հիմա Ստյոպա Սաֆարյանը ղեկը վերցնի իր ձեռքը և փորձի համարժեք փոփոխություններ մտցնել, վիճակը շտկել, որովհետև նա լուրջ և բանիմաց մարդ է, ես նրա մասին դրական կարծիք ունեմ և շատ հարգում եմ։ Պարոն Սաֆարյանին միայն ու միայն հաջողություններ եմ մաղթում և կարծում եմ, որ նա կկարողանա արդյունավետ աշխատել այդ կառույցում, բայց կրկնում եմ՝ ինքս իմ մեջ այն եզրակացությանն եմ հանգել, որ իմ անհրաժեշտությունը Հանրային խորհրդում չկա, դա իմ տեղը չի, և ես չեմ կարող շարունակել այնտեղ աշխատել։ Որևէ այլ բան այս թեմայով չեմ ցանկանում ասել։ Ինչ վերաբերում է մեր բանակին, ապա ես իմ ուժերի ներածի չափով ինչ կարողացել՝ արել եմ, և միշտ պատրաստ եմ մեր երկրի համար»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ