«Աղքատին նպաստ ենք տալիս, որ շարունակի լինել աղքատ». վարչապետ Փաշինյան

«Մենք նպաստները մտադիր չենք կրճատել և ոչ էլ հանել, մենք ասում ենք՝ եկեք հասկանանք՝ ում ենք տալիս այդ նպաստը և ինչի համար: Մենք մարդուն ասում ենք՝ լավ, դու աղքատ ես, մենք քեզ նպաստ ենք տալիս ու աղքատության գիծ ենք սահմանում: Հետո ասում ենք, թե հենց որ անցար էդ գիծը, ապա զրկելու ենք քեզ նպաստից: Հենց որ կովը ծնեց՝ քեզ նպաստից զրկելու ենք: Խառնվում են իրար, գնում են կովը մորթում են, ծախում են, որ էդ նպաստից չզրկվեն»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն իր խոսքում շեշտեց, որ եթե ընտանիքն անապահով է, ապա այնտեղ կա նաև երեխա, ու ավելի ճիշտ է նպաստը տալ երեխային:

«Մենք նպաստը պիտի տանք մարդուն ոչ թե որպես դատավճիռ, որ շարունակի մնալ աղքատ, այլ պետք օգնենք մարդուն, որ ինքն իր աղքատությունը հաղթահարի: Եկեք մարդուն տանք էդ նպաստը, այսինքն՝ նպաստառուն լինի ոչ թե ընտանիքը, որի մի մասն աշխատունակ է, իսկ մյուս մասը՝ ոչ: Եկեք տանք երեխային, որ մարդը չվախենա, որ եթե ինքը գնա աշխատելու, ապա իր ընտանիքին կզրկեն նպաստից»,- այս մասին ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն ասաց, որ նպաստի համակարգում այժմ ուրիշ խնդիրներ էլ կան: Պաշտոնապես 100 հազար նպաստառու ընտանիք ունենք՝ 350 հազար մարդու կազմով:

«Մենք անընդհատ չարաշահումներ ենք բացահայտում այդտեղ: Հիմա գործի քննություն է գնում, բայց ըստ նախնական տեղեկությունների՝ այդ մարդիկ բացել են ընտրական ցուցակները, այնտեղից ուղղակի անուն են վերցրել և նպաստառուի գործ են սարքել: Այսպիսով՝ 500 մլն դրամի նպաստ գողացել են ոչ միայն պետությունից, այլև իրական աղքատություն ունեցող անապահով ընտանիքներից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ