«Հերթով փակվելու են ծննդատները, որբանոցները, ծերանոցները. սա տեղահանության մեկ այլ ձև է». Պավլիկ Մանուկյան

Էս գործը դարձրեցին դարի դատավարություն, ծամոնի պես երկարացնում են, վերջը մի օր կտրվելու է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը:

Մանուկյանը նշեց, որ ոչ մի օղակում «Սասնա ծռերի» հետ որևէ մեկը չբարեհաճեց հանդիպել, մինչդեռ «Սասնա ծռեր»-ի անունից խոսում են «Սասնա ծռերի» հետ ընդհանրապես կապ չունեցողները: «Ճիշտն ասած, անհարմար եմ զգում, բուտիլիզմով հիվանդ թունավոր էդ բանը, որ քաշում են ժողովրդի ջանը, այսպես վարակում, պառակտում առաջացնում, անհասկանալի տեսարաններ ստեղծում, արդյունքում ժողովուրդը չի էլ կարողանում կողմնորոշվել»,- ասաց Պավլիկ Մանուկյանը և հավելեց՝շուտով բոլորն էլ բացահայտվելու են, բոլորի դեմքն էլ երևալու է, ոչինչ չի փոխվել և դատարանների վրա ազդեդություն կա:

Մանուկյանը հավելեց, որ թավիշն էլ շուտով կվերածվի փալասի, եթե արդեն չի վերածվել: Հարցին, թե ի՞նչ գնահատական կտա նոր իշխանության գործելաոճին, Մանուկյանը պատասխանեց. «Թալեաթ 1» օպերացիան պրծավ նախորդ իշխանության ժամանակ, իսկ հիմա դոկտոր Նազիմն ու Ջեմալ փաշան են, այսինքն երեխաներին թունավորել, ծովը լցնելու փոխարեն հիմա գտել են մեթոդը, կարելի է ընդհանրապես փակել ծննդատները: Սենց հերթով փակվելու են որբանոցները, ծերանոցները: Սա տեղահանության մեկ այլ ձեւ է»,-ասաց նա:

Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին՝ Պավլիկ Մանուկյանն ասաց, որ ազգայնականները պետք է համախմբվեն, որպեսզի կարողանան այս վիճակից ժողովրդին դուրս բերել: «Ես արդեն ասել եմ, որ այս և բոլոր նախկին իշխանությունները ներկայացրած անձինք նույն կոյուղաջուրն են: Ոչ էլ վախենում եմ՝ խափանման միջոց կփոխեն, կգնդակահարեն, ժողովրդի աջակցություն և այլն: Ես ապստամբել եմ և ինքս եմ աջակցել ժողովրդին, ոչ թե ժողովրդից աջակցություն եմ ակնկալել»,-ասաց Պավլիկ Մանուկյանը:

Ինչ վերաբերում է Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին, Մանուկյանն ասաց, որ ինքը սատարելու է Սամվել Բաբայանին: «Ես հիմա էլ եմ աջակցում Սամվել Բաբայանին: Ես մի բան կարող եմ անել՝ զինվորականին վայել կեցվածք ունենալ, և կանգնելու եմ Բաբայան Սամվելի կողքին, սատարելու եմ նրան բոլոր առումներով: Ես կուսակցությունների չեմ սատարելու, կուսակցական չեմ լինելու, ներքաղաքական կյանքի մեջ չեմ խրվելու»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Սամվել Բաբայանին հնարավորություն չտրվեց մասնակցել մարտին կայանալիք Արցախի նախագահական ընտրություններին, Պավլիկ Մանուկյանն ասաց.  «Ուզեն-չուզեն պետք է հաշվի առնեն ժողովրդի կամքը, որովհետեւ այն 25 հազար ստորագրությունը այն կնիքն է, որ խփել է ժողովուրդը: Կան դեմքեր, որ կրիտիկական պահերին պահանջված են: Ժամանակը ամեն ինչ ցույց կտա»:

Նյութի աղբյուր՝ tert.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ