«ԱԱԾ-ում մնացել են բազմաթիվ վանեցյաններ․ իշխանությունը հապաղում է»․ Արման Բաբաջանյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

-Պարոն Բաբաջանյան, վերջին մեկ տարվա ընթացքում անդրադարձ է արվում այն հանգամանքին, որ նախկինից ժառանգած պետական համակարգն ընդդիմանում է, սաբոտաժի է գնում, դեկտեմբերին խնդրին անդրադարձավ նաև վարչապետը՝ հայտարարելով, որ այդ դիմադրությունը կոտրելու է: Թվում էր, թե այդ հայտարարությանը հստակ գործողություններ կհետևեն՝ պաշտոնանկություններ կամ խիստ նկատողություններ, սակայն դա տեղի չունեցավ, ո՞րն է խնդիրը. հեղափոխական իշխանությունը վախենում է գնալ խիստ հեղափոխական քայլերի՞, թե՞ այլ հարց կա:

Փոխարենը օրերս մամուլում հրապարակվեց մի հոդված, որտեղ ակնհայտորեն արդեն առարկայացավ իշխանության կարևորագույն հաստատություններից մեկի նախկին ղեկավարի մասնակցությամբ հեղաշրջման փորձի նկարագրությունը. խոսքը Արթուր Վանեցյանի մասին է: Եվ կրկին չենք տեսնում գործողություններ, բայց այդ հոդվածից հետո առնվազն պետք է դատախազությունն ուսումնասիրեր նկարագրված իրողությունը, սխեման և միջոցները, որոնք գործի են դրվել հեղաշրջման փորձի համար:

Նախօրեին իշխող խմբակցության անդամներից մեկը բաց  տեքստով նկարագրեց Ա. Վանեցյանի հրաժարականի պատճառները, սակայն դեռևս չենք տեսնում դրա հետ կապված գործողություններ: Սա գալիս է վկայելու, որ իշխանությունը հապաղում է, հապաղում են հատկապես իրավապահ համակարգում, դատախազությունում, քննչական մարմիններում: Կարևոր է արմատական, ամբողջական գնահատականի բացակայությունը, ինչի մասին բազմիցս խոսել ենք: Համակարգային դիմադրության խնդիրը ավելի սուր ու ակնառու է դառնում հենց այս համատեքստում:

Երբ մենք չենք կարողացել գնահատական տալ նախկին առնվազն 20 տարիներին պետության բռնազավթմանը և չենք կարողացել սահմանել պետության օկուպացիայի գործում պաշտոնյաների մասնակցության ծավալը, նրանց հասցրած վնասը՝ մարդկային, տնտեսական, սոցիալական, ազգային անվտանգության հարցերում, ուրեմն չենք կարող ակնկալել, որ այդ շերտերում դիմադրություն չի լինի, մանավանդ որ այդ շերտերից մեծ մասը այնքան էլ կողմնակից չէ այս փոփոխություններին, եթե չասենք, որ հենց հիմնական դիմադրողն է և սպասում է հնարավոր ռևանշի և հակահեղափոխական գործողությունների:

Շատ կարևոր է հասկանալ իշխանության դիրքորոշումը իրավապահ համակարգի՝ մասնավորապես ոստիկանության, ԱԱԾ-ի, դատական համակարգի նկատմամբ, նրանց գործողություններին համարժեք արձագանքելու կամ այդ գործողություններն այլ հուն տեղափոխելու որոշակի քայլեր ենք ակնկալում, որոնք իսպառ բացակայում են, չենք տեսնում քայլեր, որոնք կհուշեին, որ միտում կա այս համակարգերն արմատապես փոխելու:

Միայն Արթուր Վանեցյանով ԱԱԾ-ն չի մաքրվել նախկիններից և հակահեղափոխականներից. Արթուր Վանեցյանը այսբերգի միայն երևացող կողմն է, բազմաթիվ վանեցյաններ շարունակում են մնալ ԱԱԾ-ում, ոստիկանությունում, քննչական մարմիններում, դատախազությունում, և եթե իշխանությունը հատու միջոցներով գործի չլծվի և չիրականացնի վեթինգ (որն ազդարարված էր միայն դատական իշխանության համար, բայց տեղի չի ունեցել) ուժային մարմիններում, ԱԱԾ-ում, ոստիկանությունում և դատախազությունում, մենք չենք կարող ակնկալել, որ շանտաժի լեզվով խոսակցություն տեղի չի ունենա:

Նյութի աղբյուր ՝ Առաջին Լրատվական

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ