Ինչպե՞ս է փոխվել եղանակը Հայաստանում 1980-ականներից ի վեր։ Ինչո՞ւ են գիտնականները պնդում, որ լեռնային շրջաններում կլիմայի փոփոխությունը դրական ազդեցություն է ունեցել, իսկ ահա Երևանում ՝ ոչ այնքան։
Կլիման փոխվել է ողջ աշխարհում. թերևս բոլոր գիտնականները խոսում են սրա մասին։ Բացի այդ, կարծեք թե բոլորս էլ տեսնում և կրում ենք այդ փոփոխությունների ազդեցությունը՝ բնական աղետներ, խոշոր հրդեհներ, ջերմաստիճանի փոփոխություն և այլն։ Վիճելի է մնում մի հարց` որքանո՞վ է մարդը նպաստում գլոբալ կլիմայական փոփոխություններին։ Այստեղ գիտնականների տեսակետները տարբեր են։ ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի աշխարհագրական տեղեկատվական համակարգերի և հեռազննման բաժնի ղեկավար Շուշանիկ Ասմարյանի դիտարկմամբ ՝ անոմալ երևույթներ են տեղի ունենում, սակայն միանշանակ չենք կարող պնդել, որ դա պայմանավորված է մարդու գործունեությամբ․
«Պատճառները կապում են մարդու տնտեսական գործունեության հետ, սակայն կարծում եմ դա վիճելի հարց է։ Մենք հակված ենք այն մտքին, որ երկրաբանական զարգացման հերթական էտապում ենք, դրանք պլանետար մասշտաբի փոփոխություններ են՝ կապված արեգակնային համակարգում երկնային մարմինների փոփոխության հետ։ Կարելի է պատկերացնել ուղղակի երկնային մարմինների մասշտաբները, մարդու կենսագործունեությունը, փորձել համադրել նաև բազմաթիվ այլ բնական գործոններ, որոնք կարող են պարզապես չեզոքացնել մարդու կենսագործունեության արդյունքում ձևավորված ամպը, որը բերում է կլիմայի փոփոխություններին»։
Գիտնականները սիրում են խոսել փաստերով և հավաստի տվյալներով։ Այդ հարցում օգնության են հասնում արբանյակային պատկերները։ Դրանց հետազոտությունն իրականացնելու համար պահանջվում են լուրջ ռեսուրսներ և գիտելիքներ։ Հայաստանում, թերևս, միակ կառույցը, որը 1980–ականներից սկսել է զբաղվել նման հետազոտությամբ և ունի տվյալներ, թե ինչպես է փոխվել կլիման և ինչպիսի ազդեցություն է ունեցել Հայաստանի վրա, Էկոկենտրոնն է։ Կենտրոնի ավագ գիտաշխատող, աշխարհագրական գիտ․ թեկնածու Վահագ Մուրադյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում բերեց Սյունիքի մարզի օրինակը ՝ ավելի քան 40 տարվա հետազոտության արդյունքներով․
«Վերջին 40 տարիների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տեղի է ունեցել ջերմաստիճանի բարձրացում։ Միևնույն ժամանակ տեղի է ունեցել տեղումների քանակի կայուն փոքր աճ։ Բնականաբար, այս երկու գործոնները պետք է ազդեին էկոհամակարգերի արդյունավետության վրա։ Գոնե Մեղրիի և Սիսիանի օրինակով կարող ենք ասել, որ նվազագույնը էկոհամակարգերը չեն դեգրադացվել։ Այսինքն՝ տեղի է ունեցել էկոհամակարգերի արդյունավետության բարձրացում։ Դրան նպաստել են անձրևների քանակի աճը և ջերմաստիճանի բարձրացումը, որը նպաստավոր պայմաններ է ստեղծել միջին և բարձր լեռնային գոտիներում»։
Սակայն դրական փոփոխությունը վերաբերում է հիմնականում լեռնային գոտիներին։ Նույնը չենք կարող ասել Երևանի մասին։ Մասնագետները փաստում են, որ Երևանում ջերմաստիճանի նկատելիորեն բարձրացում կա․
«Երևանի վրա ազդեցություն ունի կանաչ տարածքների կրճատումը և այնուամենայնիվ օդափոխության համակարգը խախտվել է ՝ ինտենսիվ շինարարության արդյունքում։ Ջերմային ֆոնի ինտենսիվ բարձրացում կա, արբանյակային նկարները ցույց են տալիս բարձրացում։ Հիմա չեմ ուզում ասել, թե քանի աստիճանով, կհրապարակվի»։
Երևանում օդի ջերմաստիճանի բարձրացում, հատկապես ձմռան ամիսներին, արձանագրել է նաև ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը։ Օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Անդրուշ Ավագյանը մեզ հետ զրույցում փաստեց, որ վերջին տարիներին տաք ձմեռներ ենք ունենում և օդի միջին ամսական ջերմաստիճանը եղել է նորմայից 2-3 աստիճանով բարձր։
«Դեկտեմբերին միջին ամսական ջերմաստիճանը եղել է 2-3 աստիճանով բարձր, իսկ հունվարին, մինչև այս պահը ունենք 3-5 աստիճանով նորմայից բարձր։ Դա պայմանավորված է մթնոլորտի ընդհանուր շրջանառության, այսինքն ՝ տաք և ցուրտ անոմալիանների շրջանառության հետ» ։
Բոլոր դեպքերում մասնագետը տեղեկացնում է, որ սա աննախադեպ երևույթ չէ, նման տարիներ նախկինում ևս ունեցել ենք։ Մեր դիտարկմանը, թե ինչ ազդեցություն կունենա ջերմաստիճանի տաքացումը մարդկանց վրա, Ավագյանը ասաց․
«Հիմնական վտանգն այս պահին այն է, որ ձյան ծածկը բացակայում է։ Նախորդ տարվա համեմատ 2-3 անգամ ձյան ծածկը պակաս է, ներկա դրությամբ լեռնային շրջաններում ամենաբարձր ձյան ծածկը, որ ունենք, 20 սմ է, իսկ նախորդ տարի 60 սմ էր։ Դա վատ է նրանով, որ հնարավոր է ունենանք ջրամբարների սակավալցվածություն»։
Գիտնականներն էլ պնդում են, որ հնարավոր է նախապես որոշել, թե ինչ կլիմայական պայմաններ կարող ենք ունենալ մի քանի ամիս հետո և կանխարգելել հետևանքները, օրինակ, երաշտը, հրդեհը կամ այլ երևույթներ։ 40 տարիների արբանյակային պատկերների վերծանումը նման մեթոդաբանության մշակման հնարավորություն է ստեղծում, որը կարող է պետական մարմինների համար ուղեցույց լինել, հատկապես գյուղատնտեսության ոլորտում։