Մարզային որոշ ծննդատների պետական ֆինանսավորումը դադարեցվում է։ Նախարարությունը սրանով փորձում է կանխարգելել մայրական ու մանկական մահացությունները։
Առաջարկում է հղիներին տեղափոխվել առավել հագեցած ու մասնագիտացված կենտրոններ, որոնք գտնվում են 15-20 կմ հեռավորության վրա։ Արդեն նախարարության այս որոշմանը դեմ են հանդես եկել Մարալիկի, Աչաջրի եւ Եղվարի ծննդատների աշխատակիցներն ու բնակիչները։
Մարալիկի, Աչաջրի, Արտեմիսի, Ծաղկահովիտի, Արծվաբերդի, Քաջարանի, և Եղվարդի ԲԿ–ների ծննդատներն այս տարի պետական ֆինանսավորում չեն ստանա։ Այս 7 առողջության կենտրոնները, ըստ ԱՆ մայրական և վերականգնողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանի, ընդամենն ունեն մանկաբարձական մահճակալներ, այլ ոչ թե մանկաբարձական ծառայություն։ Առողջապահության նախարարության չափորոշիչներով` վերոնշյալ հիվանդանոցներում կարող են ընդունվել միայն այն հղիները, որոնք ենթակա չեն տեղափոխման, այսինքն` ոչ ռիսկային հղիները։
«Պարզ ծննդաբերություն, առողջ հղիներ, կրկնածին, չունեն որևէ բարդություն։ Իսկ այս կենտրոնները բարդություններով հղիներ չեն կարող ընդունել։ Բարդությունով հղի կինը կարիք ունի թերապևտի, անեսթեզիոլոգի, վիրաբույժի, վիրահատող մանկաբարձ գինեկոլոգի»։
Ծննդատների դեպքում ԱՆ որոշել է ընդունվող ծնունդների նվազագույն շեմ սահմանել. կգործեն այն ծննդատները, որոնք տարեկան գոնե 150 ծնունդ կընդունեն, իսկ Մարալիկի ծննդատունն անցած տարի ընդունել է 106 ծնունդ։Ելնելով մայրացող մայրերի և նորածինների անվտանգությունից` Գայանե Ավագյանի խոսքով` աննպատակահարմար է վերոնշյալ ծննդատների գործունեությունը։ Դրանց կփոխարինեն այն հիվանդանոցները, որոնք ունեն բարձր հագեցվածություն, բարձրակարգ կադրեր, շուրջօրյա հերթապահություն։ Իսկ նման հիվանդանոցները փակվող ծննդատներից գտնվում են 15-20 կմ հեռավորության վրա։ Մարալիկի դեպքում հղին կարող է գնալ Գյումրիի, Արթիկի, Ախուրյանի ծննդատներ, Աչաջրի այլընտրանքը Իջևանն է, Քաջարանինը` Կապանը և այլն։ Իսկ առողջ հղիի ցավերը միանգամից սկսվելու դեպքում ինչպես պետք է հասնի ծննդատուն, «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան, Գայանե Ավագյանն ասաց, որ ծննդաբերությունը 10-12 ժամ է տևում։
«Այդպես չի, որ կնոջ ցավերը բռնեց միանգամից կծննդաբերի »։
Մանկական ու մայրական մահացությունները կանխարգելելու նպատակով առողջապահության նախարարությունը 2018 թվականից որոշել է վերանայել Հայաստանում ծննդօգնություն մատուցող բոլոր կազմակերպությունների աշխատանքը։ Որոշ բուժհաստատությունները ժամանակի ընթացքում հասկանալով, որ չեն կարող ապահովել հղիի և նորածնի անվտանգությունը, ինքնալուծարվել են։ Օրինակ Ջերմուկը, Արագածավանը, Դսեղը, Մերձավանը, ասում է Գայանե Ավագյանը։
Անիի համայնքապետ Արտակ Գևորգյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց, որ ծննդատունը պահելու համար համայնքապետարանն ամբողջական ֆինանսավորում իրականացնել չի կարող, սակայն պատրաստակամ են աջակցել։ Անցյալ տարի համայնքապետարանը 1.5 մլն դրամի աջակցություն է ցուցաբերել ծննդատանը։
« Եթե այնտեղ իրենց գործունեությունն ապահովելու խնդիրը կգոյանա և համայնքի մասնակցությունը ևս պարտադիր կլինի, մենք այդ հարցին ավագանիով կորոշենք, թե ինչ ձևով, ինչ ձևաչափով կարող ենք աջակցել»։
Ծննդատան տնօրինությանը տեղեկացրել են, որ համայնքի բյուջեից մասհանում կկատարեն և կապահովեն որոշակի ֆինանսավորում, որպեսզի ծննդատան գործունեությունը չդադարի։ Սակայն արձագանք չեն ստացել։
Մարալիկի առողջության կենտրոնի տնօրեն Վռամ Մելիքյանը «Ռադիոլուրին» ասաց, որ ոչինչ այս պահին փոխանցել չի կարող։ Վաղը առողջապահության նախարարությունից հյուրեր են ունենալու, դրանից հետո ամեն ինչ պարզ կլինի։
Աչաջրի առողջության կենտրոնի համար էլ այլընտրանքն Իջևանի բժշկական կենտրոնն է, որը 20 կմ հեռավորության վրա է գտնվում համայնքից: Խնդիրը համայնքապետն ու առողջության կենտրոնի տնօրենը քննարկել են Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ։ Աչաջրի համայնքապետ Կարեն Ղալթախչյանը փոխանցեց, որ մարզպետը վաղը հանդիպելու է նախարարի հետ` քննարկելու են , թե ինչ է անհրաժեշտ ծննդատունը պահելու համար։
«Մարզպետը ներկայացրեց, որ մենք չենք ուզում ձեր հիվանդանոցը կամ ծննդատունը փակել։ Ուղղակի սարքավորումները և մասնագետները գտնելը ժամանակի խնդիր է»։
Նախարարության պատասխանն իմանալուց հետո համայնքապետարանը պատրաստակամ է անհրաժեշտության դեպքում ֆինանսական աջակցություն ցուցաբերել ծննդատանը։