«Մենք ուզո՞ւմ ենք մանկական մահացությամբ լուրջ զբաղվել, թե՞ չենք ուզում». Արսեն Թորոսյան

Այսօր լրագրողների հետ Արսեն Թորոսյանը ասուլիսում նշեց, որ ծննդատների լուծարումը թափանցիկ և տրամաբանական գործընթաց է, որը շարունակական է լինելու: Առողջապահության նախարարը վստահ է, որ 150 ծնունդը շատ ցածր թիվ է:

«Մարալիկում, 2018-2019թթ. համեմատությամբ, 126-ի փոխարեն ունենք 102 ծնունդ, Աչաջուրում՝ 88-79, Արտենիում՝ 41-26, Ծաղկահովիտում` 48-63, Արծվաբերդում՝ 14-10, Քաջարանում՝ 42-46, «Նաիրիում» (Եղվարդ)՝ 119-136»:

Թորոսյանը նշում է՝ այդ կենտրոններում ծննդօգնություն իրականացնելու համար չկան բավարար պայմաններ:

«Մենք ուզո՞ւմ ենք մանկական, այսինքն՝ նորածնային և մայրական մահացությամբ լուրջ զբաղվել, թե՞ չենք ուզում: Եթե ուզում ենք, եթե այդ սկզբունքը բոլորի համար ընդունելի է, այդ սկզբունքից եթե դուրս ենք գալիս, ապա մեր քաղաքականությունը միանշանակ ճիշտ է: Եթե ընդունելի չէ, ուրեմն մենք լուրջ պրոբլեմ ունենք մեր երկրում: Ծնունդներն ավելացնում ենք` պատշաճ ծառայություններ մատուցելով և ծննդաբերող կանանց ծննդաբերելու ցանկությունը ավելացնելով»:

«Եղվարդի ծննդատունը լուծարման ենթակա միակ ծննդատունն է, որը չունի թերություններ մյուս մասերով՝ կադրերի, սարքավորումների: Ավելին, Եղվարդի ծննդատանը նախորդ տարի 136 ծնունդ է գրանցվել, որը շատ մոտ է ցանկալի արդյունքին: Հիմա քննարկում ենք՝ արդյո՞ք չպետք է այդ ծննդատանը ինչ-որ ժամանակով նորից հնարավորություն տանք»:

Նրա խոսքերով՝ մյուս վեց ծննդատների մասով, որոնք չեն համապատասխանել մասնագետների մշակած չափանիշներին, նույնպես բանակցություններ են վարվում:

Խոսքը, մասնավորապես, տարեկան 100-ից բարձր ծնունդ ունեցողների մասին է, իսկ դրանք 2-ն են՝ Մարալիկի և Եղվարդի ծննդատները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ