Փաշինյանի թիկունքն անխոցելի է՝ ժողովրդի վստահության շնորհիվ. «Berner Zeitung» թերթի անդրադարձը

«Հայաստանը քաղում է հեղափոխության պտուղները» վերնագրով շվեյցարական «Berner Zeitung» թերթը հոդված է հրապարակել Հայաստանում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության մասին՝ այն գնահատելով դրական:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոդվածում նշվում է, որ Հայաստանի վարչապետը շուրջ մեկուկես տարի պայքարել է և կարող է հաջողություն գրանցել՝ կոռուպցիայի դեմ պայքարի և ժողովրդավարության հաստատման գործում: Հոդվածագիր Ֆրան Նիհույսենը գրում է՝ Սերժ Սարգսյանի կարիերան պարզ էր, պլանավորված. հայերը երկու անգամ նույն մարդուն պատրաստ էին ընտրել հարավկովկասյան երկրի նախագահ, բայց ոչ դրանից ավելին: Դրա համար էր նա 2018-ի ապրիլին ուզում դառնալ երկրի վարչապետ, այդ պաշտոնը իրեն էր սպասում, և ինչպես ծրագրված էր՝ հենց նա էլ ընտրվեց (առաջին անգամ Հայաստանում Սահմանադրական փոփոխություններից հետո անցում էր կատարվում խորհրդարանական կառավարման մոդելին և խորհրդարանն էր ընտրում վարչապետին- խմբ.):

«Դա 100 հազար մարդ փողոց հանեց, գործընթացը հետագայում կրեց թավշյա հեղափոխություն անունը: Այնքան մեծ էր ցուցարարների ուժը, որ Սարգսյանը հրաժարական տվեց, իսկ հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ստանձնեց իշխանությունը: Մեկ տարի անց նա 70 տոկոս ձայն ստացավ խորհրդարանական ընտրություններում: Դրանից հետո Փաշինյանը փորձում էր պայքարել կոռուպցիայի դեմ, արդյունքում՝ Հայաստանը թևակոխեց նոր ժամանակներ, իսկ Սերժ Սարգսյանին սպառնում է ազատազրկում: Դեկտեմբերին նրա նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել դրամական չարաշահումների հետ կապված:

Իրավապահները Սարգսյանին առնչվող՝ վատնումների գործով քրեական գործ են հարուցել, նրան մեղադրելով խոշոր ֆինանսական չարաշահումների մեջ:  Սարգսյանը միակ նախագահը չէ, որի հանդեպ իրավապահները քրեական հետապնդում են սկսել: Իսկ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն ճաղերի ետևում է: Բացի այդ, պաշտոնից ազատվել են ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության ղեկավարները: Քոչարյանը մեղադրանքը համարում է քաղաքական հաշվեհարդար, մինչդեռ Փաշինյանը և հանրությունը սպասում են կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի արդյունքներին: Ըստ հոդվածագրի, կոռուպցիայի դեմ այժմ մղվում է համակարգված պայքար, որը վերաբերում է նաև բարձրաստիճան պաշտոնյաներին»,-նշվում է հոդվածում:

Անդրադառնալով Հայաստան զբոսաշրջային մեծ հոսքերին հոդվածագիրը տեղեկացնում է, որ մի քանի շաբաթ առաջ Քիմ Քարդաշյանն էլ քրոջ հետ ժամանել էր Հայաստան, որպեսզի իր երեխաներին մկրտի  Էջմիածնի տաճարում (Քարդաշյանը 2019թ. հոկտեմբերի 6-9-ը Հայաստանում մասնակցել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հեղինակավոր WCIT ֆորումին-խմբ.):

«Երկար տարիներ հայ ժողովուրդը ծանրաբեռնված է եղել հոգսերով, երկիրը զրկված է դեպի ծով ելքից, շրջապատված է երկու թշնամի երկրով՝ Թուրքիա և Ադրբեջան, որոնց քաղաքականությունն իրականացնում են ավտորիտար անհատներ՝ թաղված կոռուպցիայի մեջ և իրար հետ կապված՝ ընտանեկան կապերով: Այս տարիների ընթացքում բազմաթիվ հայեր են հեռացել Հայաստանից, և արտերկրից փող են ուղարկում հարազատներին: Փաշինյանն ընտրություններում հաղթանակից հետո մի ձեռքբերում ունի՝ նրա թիկունքն անխոցելի է՝ ժողովրդի վստահության շնորհիվ»,-նշում է շվեյցարական թերթը:

Համաշխարհային բանկն իր զեկույցում նշել է, որ Հայաստանի համար նախատեսում է գրեթե ութ տոկոս տնտեսական աճ՝ եկող տարվա համար: Որտեղի՞ց է գոյանալու գումարը: Բազմաթիվ տուրիստներ են եկել, դրանց մեծ մասը Իրանից: Համաշխարհային բանկի հայտարարության համաձայն՝ Հայաստանը բարելավել է նաև ներդրումային միջավայրը: Տնտեսության գումարները գալիս են պետական բյուջե: Կառավարությունը ներդրումներ է իրականացնում ենթակառուցվածքներում, կառուցվում են ռազմավարական նշանակության ճանապարհներ՝ Իրան-Հայաստան-Վրաստան և ելք դեպի Եվրոպա:

Բայց ճանապարհների կառուցումը երկարաձգվել է կոռուպցիոն սխեմաների պատճառով: Բարձրացել են զինծառայողների, բժիշկների աշխատավարձերը, կբարձրան նաև կենսաթոշակները: Այդ բարձրացումները կատարվում են պետբյուջեի մուտքերի ավելացման շնորհիվ: Վարչապետը դա պայմանավորում է կոռուպցիայի դեմ պայքարով: Սակայն դեռ բոլորը չէ, որ զգում են հեղափոխության շնորհիվ կատարված փոփոխությունները, ժողովրդի սպասելիքները շատ ավելի մեծ են, բայց իրավիճակը գնալով բարելավվում է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ